Մատչելիության հղումներ

Երեք տարվա պայքարի արդյունքում լեռնավանցիներն «ազատագրեցին» գյուղամեջը


Երեք տարվա պայքարից հետո լեռնավանցիներին հաջողվել է ետ բերել գյուղի կենտրոնական տարածքը, որ նախկին գյուղապետը 73 հազար դրամով վաճառել էր սեփական կնոջը՝ խանութ կառուցելու համար։ Լեռնավանցիները դատի էին տվել, պահանջել չեղարկել գյուղամեջի 500 քառակուսի մետր տարածքի սեփականաշնորհումն ու հողը վերադարձնել համայնքին։ Դատը շահել են։ Նախաձեռնողները սա հաղթանակ են համարում։

«Փաստն էն ա, որ սովետական տարիներին համայնքի կենտրոնը ստեղ ա էղել, հիմա 6 քառակուսի ազատ տեղ չկա, որ գան համայնքապետարան, իրենց գործերը, հարկերը մուծեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը:

Պատմությունը բացահայտվել էր երեք տարի առաջ, երբ արտերկրում ապրող լեռնավանցիները գյուղի անունով հիմնադրամ էին ստեղծել, գումար հանգանակել՝ խոստանալով գյուղամիջում մշակույթի կենտրոն կառուցել՝ գյուղապետարանով, գրադարանով ու դահլիճով։ Գյուղի ջահելները նախագիծ-նախահաշիվ էին կազմել, տարածքն էլ մաքրել աղբից ու չօգտագործվող տնակներից, որ գործի անցնեն։ Բայց պարզվել էր, որ դեռ 10 տարի առաջ նախկին ղեկավարներն առուծախ են արել, համայնքապատկան հողերն իրար մեջ բաժանել ՝ տեղ չթողնելով ոչ գրադարանի, ոչ էլ մշակույթի կենտրոնի համար։

«Դե տենց ա էղել, էլի, մարդիկ վեր էին կալել և վաճառել՝ իրենք իրենց, հա՞, էն որ մի գրպանից հանում ես, դնում ես մյուս գրպանդ, ասում ես՝ ստացվեց գործարքը», - պատմեց Լոռու մարզի գյուղի բնակիչը:

Սրանից զայրացել էին գյուղացիներն ու դեռ երեք տարի առաջ խոստացել՝ նախկին գյուղապետի «սեփական գյուղամեջը» հետ են բերելու։

Երեք տարվա դատ ու դատաստանից հետո առաջին ատյանը որոշել է՝ «համայնքի ղեկավարն իրավունք չուներ օտարել համայնքի սեփականություն համարվող գույքը՝ առանց ավագանու որոշման»։ Պարտավորեցրել է չեղարկել սեփականաշնորհման՝ 12 տարի առաջ կայացված որոշումները։

Նախկին գյուղապետ Ռազմիկ Գրիգորյանն ու նրա կինը, սակայն, պնդում են՝ այդ տարածքում 20 տարի առաջ դեռ խանութ ունեին, և տարածքն օրենքով են սեփականաշնորհել:

«Մեր հիմնավորումը էսի ա՝ վկայականը, էսի մեր վկայականն ա խանութի, ամեն ինչն էլ՝ վկայականով, տեղեկանքներով, դիմումներով: Լրիվ, լրիվ, ամեն ինչը կա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Թե ինչպես է գյուղի կենտրոնական հատվածի 500 քառակուսի մետրը մոտ 200 դոլար գնահատվել, նախկին գյուղապետը չի մանրամասնում։ Բնական է համարում նաև, որ տարածքը ամուսնու ձեռքով է կնոջ սեփականությունը դարձել. - «Ասում ա՝ ամուսինն էր, իրավունք չուներ, ի՞նչ տարբերություն, ամուսինը չէր՝ մյուսն էր»:

«Ես անհատ ձեռներեց եմ: Այ մարդ, ես համայնքի անդամ եմ, ի՞նչ ամուսին», - իր հերթին, հայտարարեց նախկին գյուղապետի կինը:

Հիմա ամուսինները վերաքննիչ վարչական են դիմել. ցածր ատյանի վճռի հետ անհաշտ են։ Լեռնավանի վարչական ղեկավար Նելսոն Բեգլարյանն ու Սպիտակի ավագանու անդամ Համլետ Մազմանյանը սպասում են դատարանների վերջնական որոշմանը։ Համոզված են՝ գյուղի կենտրոնում մշակույթի կենտրոնը կառուցվելու է. - «Որ պահին դատարանը որոշում կայացրեց, որ մերն ա, ստեղ վեր ա բարձրանալու էն շինությունը, որը որ մեր գյուղացիները պլանավորել էին, երազել էին, էդ երազանքի հետևից էկել հասել էինք ստեղ»:

Եթե երեք տարի առաջ գյուղովի իրար գլուխ էին հավաքվել գյուղամեջն ազատագրելու վճռականությամբ, ապա այսօր վստահ չեն, թե դրանով իրենց խնդիրները լուծվելու են։ Լեռնավանցի Գրիգոր Կիրակոսյանն գրականությունից մեջբերումներ է անում ու ասում՝ կոռուպցիան ու իշխանության չարաշահումները եղել են, կան ու դեռ կլինեն. - «Օրենքը սուր է ուժեղի ձեռքին՝ թույլին, տկարին ճնշելու համար: Ինչ-որ լավ բան կեղնի, բայց դրանով կյանքը չի փոխվի: Մենք ընդհանուր առմամբ ենք վատ ապրում»:

Ի դեպ, մոտ 3 հազար քառակուսի մետրանոց գյուղամեջի մյուս կեսն էլ, անգամ կենտրոնով հոսող առուն, էլի նույն գյուղապետի օրոք սեփականացրել է Լեռնավանի մեկ այլ բնակիչ՝ տարածքում մեծ առանձնատուն է սարքել, այգի գցել: Գյուղի նոր ղեկավարը պնդում է՝ փաստեր ունեն, թե սեփականացրածից ավելի մեծ տարածք է տնօրինել։ Վարչական դատարանը սա ևս քննում է։ Դեռ որոշում չի կայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG