Մատչելիության հղումներ

Հայաստանում է վրաց անվանի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան՝ մասնակցելու Շեքսպիրյան 16-րդ միջազգային փառատոնին


Վրաց անվանի ռեժիսոր այսօր արդեն 84-ամյա Ռոբերտ Ստուրուան համաշխարհային հռչակի տեր թատերական գործիչ է, որը վերջին տասնամյակներում իր բեմադրություններն է ներկայացրել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Նա նաև բազմիցս այցելել է Հայաստան՝ մասնակցելով փառատոնների, գիտաժողովների, ներկայացնելով նաև իր բեմադրությունները հայ բեմում։

Եվ ահա ծերունազարդ, բայց երիտասարդական անսպառ ավյունով տոգորված վարպետը կրկին Երևանում է՝ մասնակցում է այս օրերին ընթացող Շեքսպիրյան 16-րդ միջազգային փառատոնին, որի շրջանակներում էլ երեկ երեկոյան նախատեսված էր նրա վարպետության դասը Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի բեմում։

Փառատոնի նախագահ Կարո Բալյանն ընդգծեց, որ մեծ պատիվ է հյուրընկալել հռչակավոր Ռոբերտ Ստուրուային՝ որպես կենդանի լեգենդ, շփվել նրա հետ և ունկնդրել նրան։ Ամենաջերմ ծափողջույններից հետո Ստուրուան ասաց, որ չի սիրում իր ներկայացումների մասին հատուկ ելույթներով հանդես գալ, բայց դրա փոխարեն սիրով կպատասխանի դահլիճում ներկաների հարցերին։

Հանդիպումը Ստուրուայի հետ վարում էր Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին այս տարվա կարգախոսի համար՝ «Փրկել մշակույթը, դադարեցնել ագրեսիան»:

«Մինչ բուն հարցին անդրադառնալն ուզում եմ ուղղակի Թատերական միության կողմից նաև իմ խորին շնորհակալությունը հայտնել և՛ Կարոյին Բալյան, և՛ Հայկին, որովհետև այս տարվա ծրագիրն, իմ պատկերացմամբ, համապատասխանում է այն բարձր նիշին, որը մի քանի տարի առաջ կար, իսկ հետո ինչ-որ ստագնացիա էր: Ուղղակի իրոք շնորհակալություն և՛ ընտիր ծրագրի համար, և՛ փայլուն մաստեր կլասների համար, այսպիսի հանդիպումների համար», - նշեց նա:

Դիմելով Ստուրուային Սոնա Մելոյանը հիշեցրեց, թե ինչ ջերմությամբ է հայ հանդիսատեսը ընդունել այստեղ մեծ ռեժիսորի հանճարեղ բեմադրությունները՝ «Համլետը», «Մակբեթը» և ուրիշներ, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որ նա ոչ միայն մեր ժամանակների մեծագույն ռեժիսորներից մեկն է, այլև մեր ժամանակներում Շեքսպիրի լավագույն մեկնաբաններից մեկն է աշխարհում։

«Ի վերջո անսահման հմայիչ մարդ է և այն ինտիլիգենտներից է, որ մենք պատկերացնում էինք, ենթադրենք, 30-40 տարի առաջ: Հիմա դա մի տեսակ վիրավորական բառ է մտավորականը, ինտիլիգենտը: Իմ պատկերացմամբ՝ էն ամենավեհ գաղափարը՝ ինտիլիգենտ, որ ասում են, այդ ներկայացուցիչն ինքն է», - նշեց Մելոյանը:

Անսպառ հումորով լի վարպետը հենց սկզբից հիշեցրեց, որ ինքը տարիքով մարդ է և այդ առանձնահատկությունից ելնելով սկսել է շատ խոսել, ինչպես բոլոր ռեժիսորներն ու քաղաքական գործիչները՝ ներկաներին հորդորելով իր խոսքին քննադատաբար վերաբերվել:

«Բոլորը շատ լավ են խոսում, բայց ստում են», - ասում էր Ստուրուան ու շարունակում, - «երբ ես իմ մտահաղացումներն եմ ներկայացում, բոլորը հիանում են, իսկ ներկայացումը դիտելուց հետո՝ բոլորը սարսափահար են լինում»:

Հավելեց, որ չի սիրում իր ներկայացումները բեմադրությունից հետո կրկին նայել, որովհետև ինքնահավանությունը կարող է կրկնության առիթ դառնալ, իսկ դա լավ բան չէ, հավելեց, որ յուրաքանչյուր ներկայացում պիտի ինչ-որ բան փոխի թատրոն հաճախող յուրաքանչյուր մարդու մեջ։ «Մարդիկ գալիս են թատրոն, որ այնտեղ ինչ-որ բան բացահայտեն և այդ բացահայտումից ինչ-որ չափով մեռնեն։ Այլ դեպքում որևէ իմաստ չունի ներկայացում բեմադրելը։ Մարդիկ կարող են պարզապես կարդալ, ասենք, օրինակ, շեքսպիրյան պիեսները և իրենց պատկերացումը կազմել դրանց մասին», - ասաց նա:

Ռոբերտ Ստուրուան շեքսպիրյան ավելի քան 20 պիես է բեմադրել և ասում էր, որ այլևս դրանց չի անդրադառնա։ Առհասարակ ասում էր, որ ուզում է արդեն ոչ թե ներկայացումներ բեմադրել այլ ջազային դաշնամուրային երաժշտություն նվագել և փորձել լրացնել այն պարզ, մարդկային հաճույքները, որոնցից տասնամյակներով զրկված է եղել՝ ամբողջովին, մինչև վերջ նվիրվելով թատրոնին, բեմին՝ հավելելով, որ, այդուհանդերձ, առանց թատրոնի անհնար է ապրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG