Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովին է ներկայացրել երևանյան հանդիպումների մանրամասները։
Արցախի նախագահականի փոխանցմամբ՝ Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և դրանց ազդեցությանը Արցախի վրա։
Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին։
Այսօր ավելի վաղ Արցախի նախագահը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության ՀՀ-ում ունեցած հանդիպումների մանրամասները և Արցախի իշխանությունների մոտեցումները ԼՂ ապագայի վերաբերյալ։
Արցախցի պաշտոնյաները Երևան են այցելել Ստեփանակերտում մեկնարկած բողոքի հանրահավաքների ֆոնին, որոնք սկիզբ էին առել Պրահայի բանակցություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հանձնառություն վերցրին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հանրահավաքի մասնակիցները Արցախի իշխանություններից պահանջում էին հստակ պատասխանել՝ ի՞նչ է լինելու Արցախի հետ, եթե Երևանն ու Բաքուն ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։