Երևան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը:
Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը:
Ազգային ժողովի տարածած հաղորդագրության համաձայն, վաղը՝ հոկտեմբերի 18-ին նախատեսված է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի մամուլի ասուլիսը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ երկօրյա այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները։ Պատվիրակության անդամները ծաղկեպսակներ կդնեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Այնուհետև խորհրդակցություններ կանցկացնեն նաև քաղաքական տարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդարանականների հետ։
Սեպտեմբերի 17-19-ն էլ Հայաստանում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը: Նենսի Փելոսին այցի ընթացքում արձանագրել է, որ «Հայաստանը դիմակայում է Ադրբեջանի անօրինական և մահաբեր հարձակմանը»: