Մատչելիության հղումներ

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցնի Save the Culture and Stop the Agression կարգախոսի ներքո


ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որն ունի շեքսպիրյան փառատոն։ Այսօր երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ կմեկնարկի Շեքսպիրյան արդեն 16-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների՝ արտիստներ, ռեժիսորներ, թատերագետներ, արվեստաբաններ և այլք։ Երևանյան 11 բեմահարթակներում կցուցադրվեն ավելի քան 19 ներկայացումներ՝ 18 թատերախմբերի մասնակցությամբ։ Փառատոնն անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մենք» հասարակական բարեգործական կազմակերպության հովանավորությամբ։

Փառատոնից առաջ հրավիրվող արդեն ավանդական դարձած ասուլիսին փառատոնի տնօրեն Կարո Բալյանը խոսեց այս տարվա փառատոնի առանձնահատկությունների մասին. - «Միանգամից ուզում եմ նշել, որ միտված է կոնկրետ քաղաքականության մեր այս տարվա փառատոնը։ Իսկ քաղաքականությունը լինելու է հետևյալը. նախ, այս տարի, բացի մշակութային մեծ հրավառությունից, որոնք ունենք տասնմեկ երկիր և տասնինը ներկայացում այս վեց օրերի ընթացքում, բացի այդ մշակութային կարևոր իրադարձությունից, մենք նաև կարևոր առաքելություն ենք իրականացնում։ Իսկ առաքելությունը հետևյալն է, որ այդ սեպտեմբերի 13-ի հետ կախված այդ ծանր օրերից հետո մենք որոշեցինք, մասնավորապես, մեր գլխավոր հովանավոր «Մենք» հասարակական կազմակերպության հետ որոշեցինք, որ պետք է լինի փառատոնից բացի նաև ակցիա-փառատոն, որպեսզի մեր ձայնը լսելի դառնա նաև միջազգային հանրությանը կապված հարևան երկրի ագրեսիայի հետ։ Եվ դրա համար մենք հանդես ենք գալիս Save the Culture and Stop the Agression թեմայով։ Այսինքն՝ դա շատ կարևոր առաքելություն է, որը խողովակ է հանդիսանում միջազգային ասպարեզներում, մշակութային հարթակներում լսելի դարձնել մեր ձայնը»։

Փառատոնի տոմսերից ստացված ողջ հասույթն այս տարի ամբողջությամբ կուղղվի հաշմանդամ երեխաների կարիքների բարելավմանը։ Կցուցադրվեն շատ ուշագրավ շեքսպիրյան ամենատարբեր ներկայացումներ Իտալիայից, Ռումինիայից, Հունգարիայից, Ռուսաստանից, Վրաստանից Ֆրանսիայից և այլ երկրներից ժամանած թատերախմբերի կողմից։ Հոկտեմբերի 17-22-ը անցկացվող փառատոնի շրջանակներում տեղի կունենան նաև վարպետության դասեր տարբեր երկրներից ժամանած թատերական ռեժիսորների կողմից։

«Մենք» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Հայկ Գրիգորյանի խոսքով, ինքնին խոսուն է այն բնաբանը, որն ընտրել են այս տարի փառատոնի համար՝ «Փրկել մշակույթը, դադարեցնել ագրեսիան» ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլև առհասարակ աշխարհում այսօր տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում. - «Անկեղծ ասած, մենք երկար մտածում էինք՝ փառատոնը այս տարի անե՞լ, չանե՞լ, ինչքանո՞վ ոչ թե տեղին է, այլ էս պահին անհրաժեշտության կա՞, թե՞ չկա։ Բայց հասկացանք ու ընդհանուր եկանք այն եզրակացության, որ պետք է անել և օգտագործել փառատոնը որպես հարթակ։ Օգտագործել, որովհետև հենց անվանման մեջ շատ բաներ կան, որոնք որ, կարծում եմ... ինքը շեքսպիրյան միջազգային փառատոն ա. միջազգային մասը օգտագործել էն առումով, որ մասնակիցներին և թատերախմբերին ներգրավել, իրենք օգնությամբ բարձրաձայնել և ավելի լսելի դարձնել էն խնդիրները, որոնք որ հիմա կան Հայաստանի և ընդհանրապես հայ մարդու առաջ կանգնած։ Ինձ թվում ա, որ ընդհանրապես փառատոնը, որպես այդպիսին, դրա գաղափարը աշխարհում պետք է ունենա ինչ-որ ասելիք, պետք է ունենա խոսք։ Եվ այս տարի հենց էդ խոսքը, որը որ կա, այսինքն՝ Save the Culture and Stop the Agression, դա հենց էդ ա, ինչի կարիքը մենք բոլորս այս պահին ունենք, և փառատոնը այս պարագայում դառնում ա հարթակ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG