Միացյալ Նահանգները Ռուսաստանի կողմից չի տեսել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին աջակցելու որևէ ջանք, երեկվա ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը:
Լրագրողը հիշեցրել է, որ ռուս պաշտոնյաները պնդում են, թե Արևմուտքը փորձում է Ռուսաստանից խլել միջնորդությունն այս հարցում:
«Մտահոգություն չունե՞ք, որ Ռուսաստանը կարող է ևս մեկ անգամ խարխլել գործընթացը, որ դուք սկսել եք» հարցին Պետդեպարտամենտի ներկայացուցիչը պատասխանել է. «Եթե որևէ երկիր ուզում է աշխատել մեզ հետ հայ-ադրբեջանական հարցով և օգնել մեզ հասնելու խաղաղ կարգավորման, մենք, անշուշտ, կողջունենք դա: Բայց նման որևէ ջանք Ռուսաստանի կողմից չենք տեսել»:
Ավելի վաղ նաև Ֆրանսիայի նախագահն էր հրապարակավ պնդել, թե Ռուսաստանը օգտագործում է հայ-ադրբեջանական հակամարտությունը և խաղում Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի ապակայունացնի իրավիճակը Հարավային Կովկասում և դրանից դուրս: Ռուսական կողմն անհեթեթ էր որակել Մակրոնի այս հայտարարությունը, Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե դա կասկածի տակ է դնում Ֆրանսիայի միջնորդական առաքելությունն ընդհանրապես: