Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագիրը Հայաստանին ձեռնտու է. Նժդեհ Հովսեփյան


Խաղաղության պայմանագիրը Հայաստանին ձեռնտու է, «Ազատության» հետ զրուցում հայտարարեց վերլուծաբան, փոխվարչապետի նախկին մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Իրատեսակա՞ն եք համարում կնքել խաղաղության պայմանագիր՝ մինչև տարեվերջ:

Հովսեփյան. - Խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, ինձ թվում է, ամենաշահագրգիռը պիտի լինի հայկական կողմը: Ինչո՞ւ, որովհետև դա որոշակի կայունություն կտա և թույլ կտա ունենալ Ադրբեջանի հետ առնվազն որևիցե արձանագրված համաձայնություն: Մեր հանրության մեջ, դժբախտաբար, այդպիսի վախ կա և երբ որ խոսակցություն կա փաստաթուղթ ստորագրելու, փաստաթուղթ ընդունելու, համաձայնելու և այլն, մեզ մոտ միշտ արձագանքը գերազանցապես լինում է հիստերիկ, պայթյունավտանգ ինչ-որ բանի ակնկալությամբ, ինչը բավականին վատ է, որովհետև մեզ առավելապես պետք է մտահոգի ոչ թե փաստաթղթի գոյությունը, այլ փաստաթղթի բացակայությունը: Որովհետև եթե դու հարևան պետության հետ չունես որևիցե հստակ համաձայնություն, ինչ-որ թղթի վրա արձանագրված մի բան, գոնե, դա արդեն հակառակության և դրանից բխող նաև թշնամության հարաբերությունների է տանում: Եվ ես չեմ կարծում, որ մեզ համար, որպես պետություն, որպես հանրույթ, առնվազն այս պատմական փուլում Ադրբեջանի, Թուրքիայի կամ որևիցե այլ հարևան պետության հետ թշնամությունը ձեռնտու իրավիճակ է:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի կնքմանը մինչև տարեվերջ, ես մի ուրիշ մտավախություն ունեմ, կարծում եմ, որ Ադրբեջանին առանձնապես խաղաղության հետաքրքիր չէ, Ադրբեջանն առայժմ արշխարհաքաղաքական մարտահրավերները նկատի ունենալով, տարածաշրջանում իր դիրքերի ամրությունը նկատի ունենալով, Արևմուտքի և Ռուսաստանի հակադրությունը նկատի ունենալով հաշվում է, ինձ թվում է, որ իրեն խաղաղություն այս պահին ձեռնտու չէ, հակառակը՝ ժամանակ առ ժամանակ կրկնվող էսկալացիաները ուղիղ բխում են Ադրբեջանի ռազմաքաղաքական շահերից, և ես այնքան էլ վստահ չեմ, որ Ադրբեջանը կգնա խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:

Եթե նկատում եք, դեռևս պատերազմի ավարտից հետո, երբ այս թեման բարձրացավ օրակարգ, Ադրբեջանի իշխանություններն ամեն անգամ հաջորդ փուլում նոր հարցեր են բարձրացնում, օրինակ, նախօրեին Հիքմեթ Հաջիևը հայտարարություն տարածեց 1000 քառակուսի կիլոմետրի մասին, ինչ-որ այդպիսի տարածք կա, որը դելիմիտացված չի և այլն, նաև ակնարկեց Ղազախի շրջանի գյուղերի, Նախիջևանի շրջանի գյուղերի մասին: Այսինքն՝ անընդհատ ինչ-որ հարցեր բարձրացվում են, հարցերի շուրջ գալիս են հարաբերական կոնսենսուսի կամ կոմպրոմիսի ավելի ճիշտ՝ միջնորդների օգնությամբ և հասնում է մի կետի ու դրանից հետո Ադրբեջանը նոր փաթեթ է բերում: Այս պայմաններում Ադրբեջանը փորձելու է պոկել առավելագույնը: Եթե իրենց բոլոր պահանջների բավարարման մասին ենք խոսում, այդ խաղաղության պայմանագիրն ըստ էության լինել չի կարող, որովհետև խաղաղության պայմանագիրը կոմպրոմիս է, այսինքն՝ մի բանից դու ես հրաժարվում, մի բանից հակառակորդն է հրաժարվում:

Ես կարծում եմ՝ եթե մենք կարողանանք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ մոտակա ժամանակներս, դա բավականին լավ իրավիճակ կստեղծի մեզ համար:

«Ազատություն». - Ի՞նչ կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը. միջազգային որևէ մեխանիզմի, համենայնդեպս բանավոր հայտարարություններով, Ադրբեջանը չի համաձայնում:

Հովսեփյան. - Առկա տեղեկատվությունից դատելով՝ Արևմտյան ուղղությունը գտնում է, որ Արցախի կարգավիճակի հարց պետք է հիմա չքննարկվի, որովհետև իրենք դա ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Իսկ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, այդ թվում նաև արտաքին գործերի նախարար Լավրովը, որ կարգավիճակը պետք է քննարկվի հետագայում: Քանի որ Ադրբեջանն ու Ռուսաստանն այս պահին գտնում են, որ Ղարաբաղի կարգավիճակի մասին պիտի չխոսել, իսկ դժբախտաբար այդ երկուսն են այս պահին ուժային գերակայողը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի հարցում, նկատի ունենալով նաև եռակողմ հայտարարությունները, հետևաբար այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսել չենք կարող՝ ուզած, թե չուզած:

«Ազատություն». - Բայց բացառո՞ւմ եք, որ երկու տարուց Ադրբեջանը տուն ուղարկի ռուս խաղաղապահներին:

Հովսեփյան. - Որոշակիորեն ոչ թե բացառում եմ, այստեղ մի հատ նրբություն կա, ընդհանրապես մեր տարածաշրջանից Ռուսաստանը կարող է հեռանալ բացառապես մեկ պայմանով և դա իր ցանկությունն է: Այս միամտությունը, որ Ադրբեջանը կասի ռուսներին գնա, եթե ռուսները չեն ցանկանում գնալ, վստահ եղեք, որ Ադրբեջանի լեզուն հազարապատիկ ավելի կաճ է լինելու: Եվ ավելին ասեմ՝ այս վերջին շրջանում ինչ Ռուսաստանը մտել է Ուկրաինական պատերազմի մեջ, դուք տեսեք, որ Ղարաբաղի ճակատում գրեթե լուրջ խնդիրներ չեն եղել, բացառությամբ Փառուխի դեպքի, հետևաբար Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական առումով, ինձ թվում է, բավականին բարձր նշաձողի հասած ներդաշնակություն կա:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG