Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, թե երկիրն ունի ՀՕՊ համակարգի անհրաժեշտ քանակի ընդամենը 10 տոկոսը:
Նա մերժել է Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումներ հաստատելու հնարավորությունը: Այդ մասին նա ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին հասցեագրված տեսաուղերձում:
«Մեզ անհրաժեշտ է փակել օդը, մեր կարողությունները բավարար չեն: Գերմանիան և Միացյալ Նահանգները խոստացել են IRIS-T և NASAMS համակարգեր: Մեզ պետք է այդ կարգի օգնության շատ ավելի մեծ ծավալ, մենք հզոր քայլեր ենք սպասում Ֆրանսիայից և Իտալիայից: Այլ ասելու բան չկա: Հավատացեք, այն, ինչ ունենք՝ պահանջվածի սոսկ տասը տոկոսն է»,- ասել է Զելենսկին:
Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը պետք է դիվանագիտական առումով ամբողջությամբ մեկուսացվի:
«Ռուսները պետք է ծանր գին վճարեն այս ագրեսիայի համար, հարկ է ճնշում գործադրել Մոսկվայի ռազմական և քաղաքական ղեկավարության վրա»,- ասել է Զելենսկին:
Հոկտեմբերի 10-ին ռուսներն ավելի քան 100 հրթիռ են արձակել ուկրաինական քաղաքների վրա: Զոհվել են տասնյակ մարդիկ: Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե դա պատասխան է Ղրիմի կամրջի պայթեցմանը: