Մատչելիության հղումներ

«Եթե տվել էին, թող հայր Ալիևն էլ գար վերցներ իր Ղարաբաղը ու գնար». Արա Սահակյան


1992-98 թվականներին Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արա Սահակյան
1992-98 թվականներին Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արա Սահակյան

Հայաստանի Գերագույն խորհուրդը 1992 թվականին փետրվարի 18-ին վավերացնելով ԱՊՀ ստեղծման համաձայնագրին կից արձանագրությունը՝ վերապահում է արել Արցախի ինքնորոշման մասով, «Ազատության» հետ զրույցում նշեց 1992-98 թվականներին խորհրդարանի փոխխոսնակը։

Արա Սահակյանը պարզաբանեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո 1991 թվականին դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում 11 երկրները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, երկու փաստաթուղթ են ստորագրել՝ ԱՊՀ նպատակների և սկզբունքների մասին հռչակագիրը, որը խորհրդարաննների կողմից վավերացման ենթակա փաստաթուղթ չի եղել և ԱՊՀ ստեղծման համաձայնագրին կից արձանագրությունը, որը Հայաստանի Գերագույն խորհուրդը մի շարք վերապահումներով է վավերացրել՝ ներառյալ Արցախի մասով. - «Վերապահումը վերաբերել է արձանագրությանը։ Որովհետև այդ օրը նաև երկրների ղեկավարները ևս մեկ անգամ վերահաստատել են, որ Խորհրդային Միությունը չկա և ստեղծում են ԱՊՀ-ն։ Ահա այդ փաստաթղթին Գերագույն խորհուրդը բազմաթիվ առարկություններ է արել, որը վերաբերում է կոնկրետ այս կոնտեքստում, երբ որ խոսում ենք Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին, որ մինչև այս ամենը Ղարաբաղը պատշաճ կերպով ձեռք է բերել իր անկախությունը, և նրա ազատ ինքնորոշման այդ իրավունքը պետք է հարգվի»։

Անցած շաբաթ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, թե ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին։

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանն ընդառաջ, հակադարձելով հնչող քննադատությանը, թե՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանը կճանաչի նաև Արցախը Ադրբեջանում կազմում, Հայաստանի գործող իշխանությունը մատնանշում է հենց 91 թվականի ԱՊՀ հռչակագիրը՝ նշելով, թե այդ փաստաթղթով արդեն իսկ Հայաստան ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Մինչդեռ Գերագույն խորհրդի պատգամավոր Արա Սահակյանը, հիշեցնելով Արցախի ինքնորոշման մասին արված վերապահման մասին, նաև ծիծաղելի է համարում, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար հիմք է ընդունվում ԽՍՀՄ փլուզումից հետո, այսինքն լրիվ այլ իրականության մեջ, բոլորովին այլ մարտահրավերների պայմաններում, դեռևս 31 տարի առաջ ընդունված Ալմա Աթայի հռչակագիրը։ Մի փաստաթուղթ, որն ըստ Սահակյանի, անդամ երկրները չեն էլ վավերացրել. - «Այսինքն՝ այդ փաստաթուղթը այն մասին է, որ բոլորը՝ Խորհրդային Միության մաս կազմող այդ երկրները, բացի Վրաստանից ու մերձբալթյան երեք հանրապետություններից, ճանաչում են միմյանց սուվերենությունը, անկախությունը։ Այսօր, 31 տարի անց վկայակոչել այդ փաստաթուղթը այն իրավիճակում ընդունված մի այլ նպատակով, դա նշանակում է ականջներից քաշել և բերել։ Ուրիշ բան չկա այստեղ»։

Արա Սահակյանի համոզմամբ, Պրահայի քառակողմ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հղում անելով ԱՊՀ հռչակագրին, Նիկոլ Փաշինյանն ընդամենը փորձում է խորամանկել. կրկին մեղքը բարդել նախկինների վրա, ասել, թե իբրև դեռ 31 տարի առաջ են Ղարաբաղը տվել. - «Թե ինչու այսօր հայ-ադրբեջանական իբր թե մերձեցման համար այդ փաստաթղթի վկայակոչում է հարկավոր, պարզ է. փորձի նորից գցել նախկիններ վրա՝ ես կապ չունեմ, 31 տարի առաջ տվել են և այլն։ Եթե տվել էին, թող հայր Ալիևն էլ գար վերցներ իր Ղարաբաղը ու գնար։ Բա ինչո՞ւ պատերազմ եղավ, դու որ եկար իշխանության ի՞նչ էիր բանակցում, ի՞նչ էիր գրում քո նախընտրական ծրագրերում սուտ-սուտ՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը... Տված էր, չէ՞, Ղարաբաղը, հանգիստ տայիր։ Ինչո՞ւ պատերազմ եղավ, ինչո՞ւ հինգ հազար զոհ ունեցանք, ավերածություններ»։

Գերագույն խորհրդի մեկ այլ պատգամավոր՝ Ազատ Արշակյանը վստահ է, որ Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարող հրաժարվել Արցախից, անգամ Խորհրդային Հայաստանը մինչև վերջ չհրաժարվեց։ Հետևաբար, Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրում պետք է որևէ կերպ հիշատակվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։ Արցախից հրաժարվել, ըստ Ազատ Արշակյանի, նշանակում է հրաժարվել իշխանությունից. - «Արցախից հեռանալ, Արցախը ուրանալ, դա ուրեմն հայկական իշխանություն չի, Հայաստանի իշխանությունը չի։ Նույնիսկ Սովետական Հայաստանի իշխանությունը ձեռքերը չէր լվացել։ Մենք չենք կարող ուրանալ Արցախը... Այս իշխանությունն էլ չի կարող գնալ այդ քայլին։ Դա նշանակում է, որ հրաժարական է տալիս։ Այդ փաստաթուղթը նշանակում է, որ հրաժարվում են Հայաստանի Հանրապետության իշխանությունից»։

Եթե մի քանի ամիս առաջ պաշտոնական Երևանը հայտարարում էր, թե խաղաղության պայմանագրի ադրբեջանական առաջարկները Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության կետով է լրացրել, ինչը Բաքուն մերժեց, ապա հիմա իշխանությունը նպատակահարմար է համարում կնքվելիք պայմանագրում Արցախին չանդրադառնալ։ Փոխարենը, ըստ պաշտոնական Երևանի, Ստեփանակերտն ու Բաքուն պետք է ուղիղ բանակցություններ վարեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG