Մատչելիության հղումներ

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Չարենցյան գիրք․ Կոջոյան, Խաչվանքյան, Արուտչյան» ցուցահանդեսը


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն իր այցելուներին պարբերաբար նոր, շատ ուշագրավ թեմատիկ ցուցադրություններ է ներկայացնում, որոնցից վերջինը՝ «Չարենցյան գիրք․ Կոջոյան, Խաչվանքյան, Արուտչյան» խորագրի ներքո, նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան125-ամյա հոբելյանին և Հայաստանի պետական հրատարակչության հիմնադրման 100-ամյակին։

Հայտնի է, որ մեծ բանաստեղծն իր ժամանակին ղեկավարել է նորաստեղծ հրատարակչության գեղարվեստական գրականության բաժինը, և նրա օրոք հրատարակված գրքերը չափազանց բարձրաժեք ու աննախադեպ են նաև ձևավորման առումով, քանի որ այդ տարիներին Չարենցն իր շուրջն էր համախմբել ժամանակի լավագույն նկարիչներին՝ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին, Տաճատ Խաչվանքյանին, Միքայել Արուտյանին և այլոց։

Մարտիրոս Սարյանի թոռնուհին, տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը «Ազատության» հետ զրուցում ասաց. - «Եղիշե Չարենցը շատ մեծ դեր կատարեց գրքի զարգացման գործում, որովհետև ներգրավեց հայ նկարիչներին, վարպետ նկարիչներին, որպեսզի վերածնվի հայ գիրքը։ Նրանք բոլորն էլ ունեին այդ նպատակը, ստեղծել այնպիսի մի գիրք, որը լինի և' ժամանակակից, և' անպատճառ այդ գիրքն իր ձեռքը վերցնողը հասկանա, որ սա հայկական գիրք է։ Ուրեմն այստեղ նաև ոճի խնդիր կար, և անշուշտ այս նկարիչները շատ նուրբ ձևով, ստեղծագործական ձևով վերաբերվեցին մեր ավանդներին, մեր միջնադարյան գրքին, որտեղից կարողացան քաղել արդիական մոտեցումներ և այդ ամենը զարգացրեցին։ Դրա համար այդ թեկուզև կարճ, բայց մի ծաղկունք ապրեց այդ շրջանում հայ գիրքը»։

Նորաբաց ցուցահանդեսում ներկայացված են միայն Մարտիրոս Սարյանի գործընկերների՝ Կոջոյանի, Արուտչյանի, Խաչվանքյանի նկարազարդումները և ձևավորումները, որոնք արվել են նախորդ դարի 30-ականների սկզբներին։ Բնօրինակների հետ մեկտեղ ցուցադրված են նաև լուսավավերագրական նյութեր, որոնց մեծ մասը ներկայացվում է առաջին անգամ։

Սաֆյա Սարյան
Սաֆյա Սարյան

Ինչ վերաբերում է Մարտիրոս Սարյանի նկարազարդումներին, ապա ինչպես ընդգծում էր Սոֆյա Սարյանը, դրանք առանձին ցուցահանդեսով կներկայացվեն «Մարտիրոս Սարյան․ գիրք և արվեստ» խորագրի ներքո և ոչ իրենց թանգարանում. - «Մեզ մոտ եկել են այս գործերը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, և Սարյանի գործերը գրքի ձևավորման ամբողջ իր ծավալով՝ չորս դահլիճ, կբացվի շուտով պատկերասրահում։ Շատ ծավալուն է եղել իր ստեղծագործությունը նաև գրքի ձևավորման ասպարեզում։ Եվ շատ պատասխանատվությամբ և գիտական մոտեցումով, որովհետև շատ ինքը կարևորում էր դա։ «Հայկական հեքիաթները», որոնք երեք անգամ հրատարակվեցին ռուսերենով, նա աշխատեց երեք անգամ տարբեր ձևով»։

1937-ին խորհրդային բռնաճնշման հետևանքով 40-ամյա Եղիշե Չարենցի կյանքի ողբերգական ավարտից հետո գրքի ձևավորմամբ և նկարազարդումներով Սարյանը շատ քիչ է զբաղվել. - «Որոշ բաներ արել է, բայց նույնիսկ երբ նա աշխատեց Մարիետա Շահինյանի «Ճամփորդություն Հայաստան» գրքի համար, այդ թվականները նաև Սարյանի համար բավական լարված էին, և չնայած որ նա ստեղծեց այդ նկարազարդումները, գիրքը իր նկարազարդումներով լույս չտեսավ։ 47 թիվն էր արդեն։ Գիրքը լույս տեսավ առանց սարյանական ձևավորումների, որովհետև այդ շրջանում Սարյանին շատ խիստ էին քննադատում, և իր արվեստը համարվում էր ֆորմալիստական»։

Այն տարիներին, երբ Հայպետհրատի գեղարվեստական գրականության բաժինը ղեկավարում էր Եղիշե Չարենցը, ինքն ու Սարյանը սերտորեն համագործակցում էին. - «Հենց նրանց համագործակցությամբ այդ ամեն ինչը տեղի ունեցավ։ Դրանից հետո այդքան չի զբաղվել այլև գրքի նկարազարդումով Սարյանը։ Այսինքն՝ Չարենցն էր նրան կոչ արել, հրավիրել, ինչպես և մյուս նկարիչներին, որոնց մենք այսօր ցուցադրում ենք մեր թարգարանում։ Չարենցն էր ամեն ինչի հիմքը, գաղափարի կրողը, գեղագիտական ճաշակը հենց ինքն էր ձևավորում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG