Մատչելիության հղումներ

«Մեծ 7»-ը շտապ կարգով կքննարկի Ուկրաինայի վրա Ռուսաստանի վերջին հրթիռային գրոհները


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով մասնակցում է Մեծ 7-ի գագաթնաժողովին, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով մասնակցում է Մեծ 7-ի գագաթնաժողովին, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտնել է, որ «Մեծ յոթնյակում» նախագահող Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ պայմանավորվել է կազմակերպել խմբի մասնակիցների շտապ խորհրդակցություն, որի օրակարգում կլինի Ուկրաինայի վրա ռուսների վերջին զանգվածային հրթիռային գրոհը:

«Քննարկումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 11-ին Բեռլինի ժամանակով ժամը 14:00-ին»,- հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայտը:

Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունն արդեն խստորեն դատապարտել են հարձակումը, որի ընթացքում ուկրաինական ենթակառուցվածքների վրա ռուսների արձակած հրթիռներից մարդիկ են զոհվել:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ Եվրամիությունը կքննարկվի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ Ուկրաինան ռազմական լրացուցիչ օգնություն կստանա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է «Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա ռուսների սարսափելի և անխտիր հարձակումները»:

Կիևում Միացյալ Նահանգների դեսպանությունը Ռուսաստանին մեղադրել է խաղաղ բնակիչների վրա գրոհների համար և այդ երկրի տարածքում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ թաքնվել, ապա հարմար պահին հեռանալ Ուկրաինայից:

«Քաղաքացիական բնակչության թիրախավորումը պատերազմի հանցագործություն է»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

Ռուսների հրթիռային գրոհները դատապարտել են Եվրախորհրդարանի խոսնակը, Նիդերլանդների վարչապետը, Էստոնիայի նախագահը, Լատվիայի, Ֆինլանդիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարություններն, ինչպես նաև այլ երկրների բարձրաստիճան պատոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG