Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Թարգմանչաց տոնը։ Այս տոնը գալիս է հազարամյակների խորքից և նվիրված է հայ ժողովրդի մեծերին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին և Սուրբ Սահակ Պարթևին ու նրանց 100 աշակերտներին, որոնց թվում են պատմահայր Մովսես Խորենացին, Եղիշեն և այլոք։
Տարիներ առաջ Հայաստանի Գրողների միությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ սահմանեց «Կանթեղ» թարգմանական մրցանակը, որը հանձնում է տարվա ընթացքում լուրջ ձեռքբերումներ գրանցած թարգմանիչներին՝ Օշականում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմի մոտ։
«Ազատության» հետ զրույցում Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց. «Կարելի է ասել, երկար տարիներ՝ 2005-6 թվականներից Մայր Աթոռ Սորբ Էջմիածնի հետ Հայաստանի գրողների միությունը սահմանել է «Կանթեղ» գրական-թարգմանական մրցանակը ու ամեն տարի տրվում են հայերենից այլ լեզուներ և այլ լեզուներից հայերեն թարգմանությունների համար: Սա կարելի է ասել միջազգայնացված մրցանակաբաշխություն է, որովհետև նաև օտարազգի գրողներ են ստացել մեր մրցանակներից»:
Այսօր «Կանթեղ» մրցանակին են արժանանում Ուրուգվայից Հակոբ արքեպիսկոպոս Գլջյանը՝ Ֆրանց Վերֆելի «Երեմիա․ լսեք ձայնը» վեպի հայերեն թարգմանության համար, հաջորդ մրցանակակիրը Նորա Արիսյանն է:
«Նա սիրիացի է և այսօր Սիրիայի դեսպանն է Հայաստանում, տասնյակ թարգմանական գրքերի հեղինակ է, Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» և այլ գրքեր մեր դասական և ժամանակակից հեղինակների՝ հայերենից արաբերեն, հայերենից անգլերեն, ֆրանսերեն բազմաթիվ գրքեր: Նորա Արիսյանը վերջերս նաև մեր Գրողների միության սփյուռքահայ անդամ դարձավ: Գևորգ Գիլանցը ռուսերենից թարգմանել է բազմաթիվ գրքեր», - ներկայացրեց Միլիտոնյանը
«Կանթեղ» թարգմանական մրցանակի է արժանացել նաև գերմանաբնակ թարգմանչուհի Ագապի Մկրտչյանը՝ հայ դասական և ժամանակակից արձակի և պոեզիայի անթոլոգիաների գերմաներեն թարգմանության համար։ Այժմ էլ մինչև նոյեմբեր Գերմանիայում հրատարակելու է արցախցի գրողների և բանաստեղծների անթոլոգիան գերմաներեն։ «Կանթեղ» մրցանակին է այս տարի արժանացել նաև անվանի բանաստեղծ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը։
«Երկար տարիներ անգլերենից հայերեն թարգմանել է բարձրակարգ գրքեր՝ Ջեյմ Ջոյսի «Դուբլինցիներ» պատմվածաշարը, Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը», անգլոամերիկյան բանաստեղծների ստեղծագործությունները, Նաթելա Լալաբեկյանի ստեղծագործությունները: Մի խոսքով այսպիսի հետաքրքիր, լավ կազմ, որոնք զգալի գործ են արել, և կարծում եմ՝ այս չափանիշը պիտի պահպանվի, որ հաջորդ մեր տարիներին թարգմանիչները փորձեն այսպիսի հետաքրքիր գործերով ներկայանան ընթերցողին», - ասաց Գրողների միության նախագահը:
Հարցին՝ «Կանթեղ» մրցանակը նպաստե՞լ է թարգմանչական գործի զարգացմանը, Էդվարդ Միլիտոնյանը պատասխանեց. «Այո, այս մրցանակը, թող պաթետիկ չհնչի, ոգևորիչ դեր ունի և՛ Հայաստանի թարգմանիչների, և՛ նաև արտասահմանցի թարգմանիչների համար: Սա մի նշանավորում է նրանց աշխատանքի, այս մրցանակը նաև Հայաստանի բարեկամներին է կապում Հայաստանի հետ: Այսինքն՝ սա մի գրական կապի հետաքրքիր շարժիչ է՝ մեր գրականությունը արտերկրում ճանաչելի է դառնում»: