Հոկտեմբերի 10-ին մեկնարկող ԵԽԽՎ-ի աշնանային քառօրյա նստաշրջանի ընթացքում առաջարկվել է քննարկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները», տեղեկացնում է կառույցի մամլո ծառայությունը։ Վերջնական որոշումը, ըստ հաղորդագրության, կընդունվի երկուշաբթի օրը։
Անցած ամիս Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման կապակցությամբ ԵԽԽՎ-ն կոչ էր արել «Ադրբեջանին և Հայաստանին հետ կանգնել ցանկացած հետագա քայլից, որը կարող է վատթարացնել իրավիճակը, հարգել միջազգային համաձայնագրերը և անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել»։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն էլ, մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններով, պատրաստակամություն էր հայտնել աջակցել կառույցին անդամակցող Երևանի և Բաքվի հաշտության ջանքերին: