Մատչելիության հղումներ

Գիտաժողովի նպատակը «Կոմիտասի նկատմամբ ակտիվ վերաբերմունքի ընթացքը պահպանելն է»


Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքը Երևանում
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքը Երևանում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր առավոտյան մեկնարկեց «Կոմիտաս» միջազգային արդեն ավանդական դարձած երկօրյա գիտաժողովը, որն իր յուրահատուկ խորհուրդն ունի կապված Կոմիտաս Վարդապետի ծննդյան հետ։

Ամեն տարի Կոմիտասի ծննդյան օրը (նոր տոմարով սեպտեմբերի 26-ին) մեկնարկում է Կոմիտասին նվիրված փառատոնը, որի շրջանակներում էլ տեղ է ունենում նաև միջազգային գիտաժողով։

Ինչպես ներկայացնում է գիտաժողովի կազմակերպիչ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը: - «Կոմիտաս» միջազգային գիտաժողովը մեզ մոտ նորություն չի՝ ամենամյա է։ Եվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հիմնադրման օրից ի վեր էսպիսի միջոցառումներ կազմակերպում է միշտ նույն ամսաթվերով, միշտ դա լինում է Կոմիտասի ծննդյան օրվա նոր ու հին տոմարների միջև՝ սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 8-ը։ Գիտաժողովը խնդիր ունի ներկայացնել, նորից անդրադառնալ, քննարկել, նորություններ վերհանել Կոմիտասի առնչությամբ։ Եվ թիրախում ոչ միայն Կոմիտասն է, Կոմիտաս ասելով հասկանում ենք ինչպես կյանքը, այնպես էլ գործունեությունը, նաև այն ոլորտները, որտեղ որ նա գործունեություն է ծավալել։ Այսինքն՝ հոգևոր երաժշտության բնագավառը, ֆոլկլորի բնագավառը, կոմպոզիտորական արվեստը, կատարողական արվեստը»։

Այս տարի երկօրյա գիտաժողովը ներառում է մեր լավագույն կոմիտասագետների և արվեստաբանների, նաև արտասահմանյան մասնագետների 20 բանախոսություն ուշագրավ թեմատիկ ուղղություններով՝ Կոմիտաս, արվեստ և գրականություն, հոգևոր և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտություն, ժողովրդական երաժշտություն, նաև կոմպոզիտորական երաժշտություն և մանկավարժություն։

Գիտաժողովի միջազգային մասնակիցները աշխարհում տիրող իրավիճակի պատճառով գիտաժողովին առցանց են միանում ԱՄՆ-ից, Կանադայից, եվրոպական երկրներից, նաև Ուկրաինայից՝ Տատյանա Կապլունը և Կրիստինա Դյաբլովան։

«Սովորաբար շատ տարբեր համալսարաններից ենք ունենում մասնակիցներ։ Այս անգամ մասնակիցներ ունենք Միացյալ Նահանգներից, Կանադայից, Իտալիայից և Ուկրաինայից։ Ուկրաինացի մեր մասնակիցների հետ բավականին դժվար ստացվեց։ Իրենք ավանդաբար ամենաոգևորվածներից էին։ Պատերազմական իրողությունից ելնելով, չկարողացան գալ։ Օրեր առաջ նամակ գրեցին, որ եթե գանք, գուցե չկարողանանք վերադառնալ։ Երեկվա դրությամբ անգամ մտավախություն ունեին, որ արդյո՞ք ինտերնետ կունենան, որ միանան», - ասաց Տաթևիկ Շախկուլյանը։

Նրա խոսքով, գիտաժողովի նպատակը Կոմիտասի նկատմամբ ակտիվ վերաբերմունքի ընթացքը պահպանելն է. - «Ամեն տարի չի, որ խիստ մեծ նորություններ ենք վերհանում։ Հասկանալի է, որովհետև գիտությունը այդպիսին է։ Չէ՞ որ նրան վերաբերող փաստաթղթեր և այլն ամեն օր չեն գտնվում։ Բայց միևնույն ժամանակ, շատ կարևորում ենք այս վերաբերմունքը պահել գիտության բնագավառում»։

Կոմիտասին նվիրված ամենամյա փառատոնի շրջանակներում հնչում է նաև կոմիտասյան երաժշտություն, Կոմիտասի ժամանակաշրջանի երաժշտությունը, նաև տարբեր ազգերի միջնադարյան և էթնիկ երաժշտություն։

Այս փառատոնի շրջանակներում ծրագրված համերգներով Կոմիտասի թանգարան-ինսիտուտի դահլիճում հանդես եկել Գերմանիայից ժամանած երաժիշտներ, հնչել է Տիգրան Մանսուրյանի «Արվեստ Քերթության» ստեղծագործությունը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Իսկ վաղը՝ փառատոնի, նաև գիտաժողովի եզրափակիչ օրը Հառիճի վանական համալիրում կհնչի Կոմիտասի «Պատարագը»՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG