Մատչելիության հղումներ

Սարատակցի ֆեմինիստը. Եստեր Գրիգորյանը փորձում է կարծրատիպեր կոտրել


Ավանդական նիստ ու կացով հայտնի Սարատակում տղամարդիկ դեռ միանշանակ չեն ընդունում մեքենա վարող և ընտանեկան կյանքն ու աշխատանքը համատեղող կանանց, խոստովանում է իրեն ֆեմինիստ համարող Եստեր Գրիգորյանը։

«Շատ հաճախ լսեցի, որ՝ «դու չես կարող մեքենա վարել, աղջիկներից շատ քչերն են, որ կարող են մեքենա վարել» ու երևի մենակ էդ, որ ինձ դրդեց, որ՝ ոչ, ես կարող եմ: Երևի եթե շատ ասեին՝ «հա, դու կարող ես մեքենա վարել, ես էդպես էլ չսովորեի վարել», - ասաց Գրիգորյանը:

Եստերը 12 տարի առաջ Ազատանից է Սարատակ հարս եկել: 5 քույրերից ամենակրտսերն է, նաև ամենաուշն է ամուսնացել։ Հարազատ-բարեկամները առիթը բաց չէին թողնում շեշտելու, թե տանն է մնացել: Ասում է՝ գյուղում ուշ ամուսնանալը հենց այդպես է ընկալվում է. «Երբեմն մտածում էի՝ 24 տարեկան եմ ու տանն եմ մնացել, քանի որ, օրինակ, 24 տարեկանում մայրիկս արդեն 4-րդ երեխան է ունեցել, կամ 24 տարեկանում քույրերս բոլորն ամուսնացած են եղել»:

36-ամյա կինը երկու հասարակական կազմակերպությունում է աշխատում, երկու երեխաների մայր է, ամուսինն էլ զինվորական է։

«Հաճախ կատակով ասում են՝ «էդպիսի բան ով է լսել՝ սպայի կին ու ֆեմինիստ», իրար հակասում են, չէ, մի տեսակ», - հոգոց է հանում՝ գյուղերում դեռ հարսներն առանց թույլտվության իրավունք չունեն հայրական տուն գնալու, իսկ միկրոավտոբուսում վարորդի կողքին նստելը ամոթ է։

«Էդ «ամոթ է»-ները գյուղում շատ հաճախ արհեստական են ու խանգարում են մարդուն ուղղակի ապրել երջանիկ: Երիտասարդ հարսը կարող է սկեսրոջից, ամուսնուց թույլտվություն խնդրի իր ծնողներին տեսնելու ու չստանա այդ թույլտվությունը: Իրականությունը դա է», - ընդգծեց Գրիգորյանը:

Փորձում է գյուղում ապրող կանանց կարծրատիպերը կոտրել, կարծում է ստացվել է, քանի որ ինչպես գյուղում իրեն ասում են կատակով՝ գյուղի հարսին տարբեր հարցերով են դիմում. «Կան մարդիկ, ովքեր ինչ-որ խորհուրդներ են հարցնում կամ ես փորձում եմ իրենց ինչ-որ հարցով օգտակար լինել»:

Եստերը նաև Սարատակում է փորձում ծրագրեր իրականացնել: Օգնում է գյուղացիներին գյուղատնտեսական տարբեր ծրագրերի շահառու դառնալ: Ինքն ու ամուսինը մի քանի ծրագիր շահել են ու իրագործում են: Հիմա այգի են հիմնել ու ընդլայնում են։

«Հիմա ունենք մոտ 500-ին հասնող խնձորենիներ, բայց առաջիկայում պլաններ ունենք տանձի այգի հիմնելու: Անկախ նրանից, որ երկուսս էլ՝ ամուսինս և ես աշխատում ենք Գյումրիում, այնուամենայնիվ, ամուր կպած ենք մեր հողին, չենք ուզում ոչ մի տեղ գնալ: Եթե մենք գյուղում ենք ապրում, ունենք ռեսուրսներ, պետք է կարողանանք էդ ռեսուրսները, օրինակ, հողը նպատակային օգտագործել», - նշեց նա:

Գյուղում մնալով էլ է հնարավոր ապրուստ ստեղծել, համոզված է Եստերը՝ սեփական օրինակով դա ցույց տալով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG