«Արմենիա» միջազգային փառատոնը շարունակում է իր ավանդույթները՝ մեր երաժշտասերներին ներկայացնելով մեր ժամանակների լավագույն երաժիշտ կատարողների փայլուն արվեստը։ Եվ ահա այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) հանդես կգան համաշխարհային հռչակի տեր երաժիշտներ՝ այսօր ամենաճանաչված տենորներից մեկը՝ Յոզեֆ Կալեյան, և ամերիկացի ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցույթների, այդ թվում Գրեմմիի դափնեկիր Գիլ Շահամը։
«Երկու մենակատարներ, որոնք իսկապես աշխարհում ամենահայտնին են իրենց մասնագիտության մեջ։ Գիլ Շահամը աշխարհի լավագույն ջութակահարներից մեկն է, ով Հայաստանում հանդես է գալիս երկրորդ անգամ։ Գիլ Շահամը աշխարհի լավագույն բեմերում հանդես է եկել լավագույն նվագախմբերի հետ, և այսօր ծավալում է շատ բեղուն գործունեություն ամբողջ աշխարհում։ Մեր երկրորդ մենակատարը Հայաստանում հանդես է գալու առաջին անգամ՝ Յոզեֆ Կալեյան։ Երկարատև բանակցություններից հետո մենք կարողացանք հրավիրել Հայաստան։ Եվ նա կատարելու է նաև հայ կոմպոզիտորի ստեղծագործություն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Այ վարդը»; Պետք է նշել, որ նա հիացած է հայկական ռոմանսներով, մեր հայ կոմպոզիտորների ռոմանսներով և ընտրեց այս ստեղծագործությունը, որպեսզի ներկայացնի ոչ միայն Հայաստանում, այլ նաև այս ստեղծագործությունը նա կատարում է տարբեր համերգներում, տարբեր երկրներում։ Յոզեֆ Կալեյան այսօր աշխարհի լավագույն տենորներից է և հանդես է գալիս աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։
Ծրագրում կհնչեն Ջոն Տեր-Թադևոսյանի «Լիրիկական պոեմը», Ալեքսեյ Շորի Ջութակի կոնցերտը, Սարասատեի Կարմեն-Ֆանտազիան ջութակի և նվագախմբի համար և այլ ստեղծագործություններ։
Համերգով կնշվի Հարություն Դելալյանի 85-ամյակը
Այս երեկո կկայանա ևս մեկ չափազանց ուշագրավ, այս անգամ արդեն հոբելյանական համերգ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության ազգային կենտրոնում՝ նվիրված մեր անվանի կոմպոզիտոր Հարութուն Դելալյանի ծննդյան 85-ամյակին։
Համերգային ծրագրում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները մեր անվանի երաժիշտ կատարողների մասնակցությամբ։ Հանդես կգան դաշնակահար Հայկ Մելիքյանը, ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ և ուրիշներ։
Ինչպես նշում է հոբելյանական հանձնաժողովի անդամ, կոմպոզիտորի դուստր, ջութակահար, Պորտուգալիայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, նաև «Դելալյան տրիոյի» հիմնադիր Նարինե Դելալյանը կոմպոզիտորը իր թողած ժառանգությամբ կարևոր տեղ ունի մեր ժամանակակից երաժշտարվեստի զարգացման մեջ. - «Հարություն Դելալյանը և' իր կյանքի, և' ստեղծագործության իմաստով շատ յուրօրինակ մեր կոմպոզիտորներից է։ Կարող ենք ասել՝ մեր արդի երաժշտության հիմնասյուներից մեկը, որը շատ կարճ ժամանակ և հնարավորություն ունեցավ ստեղծագործելու։ Բայց վստահորեն իր հետքը, իր ուրույն տեղը ունի հայ կոմպոզիտորական երաժշտության մեջ»։