Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» երկրորդ շրջանը


Սերժ Ավետիքյան, արխիվ
Սերժ Ավետիքյան, արխիվ

«Երկլեզու դրամատիկական արվեստանոց». այսպես է կոչվում դեռ անցյալ տարվանից մեր հայրենակից, ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանի մտահղացմամբ և նախաձեռությամբ Հայաստանում հիմնադրված չափազանց ուշագրավ մշակութային նախագիծը, որի շրջանակներում ընտրվում են թատրոնին և կինոյին իրենց ապագան նվիրած մի խումբ երիտասարդներ, որոնց հետ մի քանի ամիս Երևանում և Գյումրիում դասընթացներ են անցկացնում Ֆրանսիայից ժամանած անվանի ռեժիսորներ և դերասաններ։

Այս ծրագիրը հովանավորվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և այլ հաստատությունների կողմից։

Երեկ Երևանում և Գյումրիիում մեկնարկեց «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» երկրորդ շրջանը, որին էլ նվիրված ասուլիսին այսօր Կինոգործիչների միությունում Սերժ Ավետիքյանն ընդգծեց, որ այս տարի ծրագրին Ֆրանսիայից 10 դերասան և ռեժիսոր կմասնակցի. - «Ֆրանսիացի ճանաչված դասավանդողներ են, որոնք կաշխատեն իրենց ֆրանսերեն տեքստերով, որոնք թարգմանեւմ ենք մենք հայերեն։ Ես նորից եմ կրկնում՝ այս արվեստանոցի հիմքը և նպատակը երկլեզվանի է։ Ես ցանկանում եմ, որ մեր էրեխեքը ֆրանսերեն սովորեն։ Ի սկզբանե ասեմ, որ չորս ամիս առաջ ֆրանսերենի դասընթացներ են ընթանում, երկու անգամ շաբաթական, երկու ժամ ամեն անգամ։ Դա նշանակում է, որ երեխաները, երբ գալիս են արտիստների հետ աշխատելու, արդեն գիտեն, ունեն բազա ֆրանսերեն լեզվի։ Դա չի նշանակում, որ նրանք փայլուն ֆրանսերեն են խոսում։ Դա նշանակում է, որ նրանք կարող են հասկանալ, թե ինչ են ասում, և կարող են կարդալ և սովորել ֆրանսերեն լեզվով տեսքտեր։ Դա շատ կարևոր է մեր աշխատանքի համար։ Ֆրանկոֆոնիան այս թատերական գործի սիրտն է, նա առանձնացված չի։ Ես ֆրանսերեն լեզուն սովորել եմ այս քաղաքում։ 1961 թվից մինչև 1970 թիվը 119-րդ դպրոցում, կայարանի մոտ՝ առաջին ֆրանսիական թեքումով դպրոցում»։

Ասուլիսին ներկա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային և համագրոծակցության գործերով կցորդ Գիյոմ Նարժոլեն ընդգծեց, որ դեսպանատունը շատ է կարևորում այս մշակութային ծրագիրը. - «Ֆրանսիայի դեսպանատունը Հայաստանում սկզբից այս ծրագրին, որովհետև մշակույթը և արվեստը շատ կարևոր են հասարակության համար, շատ կարևոր են երիտասարդության համար։ Եվ այսօր մենք բոլորս տեսնում էինք, թե ինչ է կատարվում սահմանում։ Մշակույթը կարևոր է, որովհետև մշակույթը օգնում է հասարակությանը, մարդուն ապագայում մտածել լավ, բարի գործերի մասին»։

Հավելենք, որ նախագիծն այս տարի ընդգրկել է ավելի մեծ թվով մասնակիցների՝ 62 դիմորդներից նախընտրական երկու փուլերի արդյունքում ընտրվել է 30 մասնակից, որոնցից 20-ը Երևանում, 10-ը Գյումրիիում։ Ֆրանսիայից ժամանող արվեստի գործիչները նրանց կներկայացնեն իրենց աշխատանքային մեթոդաբանությունը և կծանոթացնեն ժամանակակից տենդենցներին։ Յուրաքանչյուր արտիստ երիտասարդների հետ կաշխատի մեկ շաբաթ Երևանում և մեկ շաբաթ Գյումրիիում։

Սերժ Ավետիքյանն ընդգծեց, որ դասընթացներն անվճար են, հնգամսյա աշխատանքներից հետո բեմադրություն կներկայացվի, որը նախատեսվում է ցուցադրել նաև Ֆրանսիայում և Բելգիայում 2023 թվականին։

Իսկ Հայաստանի կինոգործիչների միությունը պատրաստվում է Երևանում դառնալ Դրամատիկական արվեստանոցի մշտական հյուրընկալը՝ տրամադրելով մեծ տարածք դահլիճ-փորձասենյակի համար։

«Սերժը, որը իմ շատ մտերիմ ընկերն ա, և հարյուր տարվա պատմություն ունենք իրար հետ, առաջարկեց, որ իր գաղափարին տեղ հատկացնենք մեր մոտ։ Ասում ա՝ էկեք ֆրանկոֆոնիայի կենտրոն դարձնենք էստեղ, ֆրանսիական արվեստի մշակութային կենտրոն դարձնենք։ Եվ բավականին մեծ տեղ ա ընտրել, որը մոտավորապես 400 քառակուսի մետր ա։ Տարիներ առաջ ես ստացել եմ մի «Ասպետ» շքանշան գրականության և մշակույթի, էնքան պարտական եմ ես Ֆրանսիային, Ֆրանսիայի կառավարությանը, որ ինչի պետք ա չտամ էս ամբողջ վիճակը ֆրանկոֆոնիայի և ֆրանսիական արվեստի համար։ Եվ մեծ հաճույքով, որովհետև ֆրանսիական արվեստի, կինոյի, մշակույթի երկրպագուներից մեկն եմ և շնորհակալ եմ աշխարհի չափ, որ էդքան մտերիմ են Հայաստանի հետ էդքան դժվարությունների ժամանակ։ Եթե չենք կռվում, չենք պատերազմում, պետք ա կառուցենք, ստեղծենք, ստեղծագործենք», - ասաց Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG