Մատչելիության հղումներ

Տուրիզմի զարգացման հեռանկարներ՝ հայ-թուրքական սահմանին գտնվող Բագրավանում


Հողից գրեթե եկամուտ չստացող հայ-թուրքական սահմանի գյուղերում տուրիզմի զարգացման հեռանկարներն են փորձարկում։ Նման մի գաղափար իրականություն են դարձրել ամերիկահայ բարերարները, որոնք գումար են ներդրել ու սահմանից մի քանի կմ այս կողմ գտնվող Բագրավանում հյուրատուն բացել։

Ծրագրի ղեկավար Վահան Թումասյանն ասում է՝ ներդրողների հետ երկար քննարկել են աղքատության բարձր մակարդակ ունեցող շրջանում բիզնեսի շահավետության հարցը, բայց որոշել են ռիսկի դիմել. «Իհարկե, ես հասկանում եմ, որ բիզնեսի առումով ձեռնտու կլիներ Դիլիջանում կառուցել, Իջևանում կառուցել կամ Գյումրիում, բայց իմ գերխնդիրն է զարգացնել այս շրջանները: Կարծում եմ՝ սա մեծ ներդրում էր և զարգացման նպատակներ կան»:

Բագրավանին կպած է սահմանին ամենամոտ Խարկով գյուղը, որտեղից երևում են Անիի ավերակները։ Հենց հայոց պատմական մայրաքաղաքի ավերակները թեկուզ փշալարով բաժանված սահմանից տեսնելու համար զբոսաշրջիկները այցելում են Շիրակի մարզի այս հեռավոր գյուղեր։

Թեև նոր իշխանությունները խոստանում էին, որ կթեթևացնեն Խարկով մտնելու անցագրային ռեժիմը՝ Անին տեսնել ցանկացողների համար, բայց հետո պնդեցին, թե ռուսական սահմանապահ ուղեկալի տեղափոխումը մեծ ծախսերի հետ է կապված ու ոչինչ չփոխեցին:

«Մենք այնպիսի պատմամշակութային հուշակոթողներ ունենք այս տարածաշրջանում, որ մեծ ապագա ունեն և՛ Անին, և՛ Կարմիր վանքը, և՛ այս սարերում կորած Կիկլոպյան ամրոցներ կան, հին գյուղատեղիներ կան: Այդ ամբողջը պետք է բացահայտվի և օգտագործվի», - նշեց Վահան Թումասյանը:

Հյուրատունը կառուցել են Բագրավանի կիսավեր տների քարերով: Դրանց կարմիր գույնը բնորոշ է հենց Անիին:

«Անիի քարերն իրենց գույնով, ամրությամբ, որակով, տեսքով կատարյալ են ու հնարավոր չէ մեկ այլ վայրում գտնել նման խայտաբղետ, վառ գույներով, հատկապես մինասյան կարմիրը, որը գերակշռող է այս գյուղում: Մեր առաջին նախապայմանն է, որ ամբողջը հին քարերով պիտի կառուցվի», - ասաց Թումասյանը:

Շենքը Գյումրվա ավանդական կահ-կարասիով են կահավորվել, հին կահույքի համար նոր կիրառություն են գտել, օրինակ, Գյումրվա 2 հին դուռ սեղանի են վերածվել։

Թումասյանն ասում է՝ փորձել են հյուրատունը բացառիկ նմուշներով կահավորել, որ տասնյակ կիլոմետրեր հատող զբոսաշրջիկը չփոշմանի սահման հասնելու համար. «Ե՛վ մահճակալներն են հին՝ նորից վերականգնված, սեղանը բացառիկ նմուշ է: Ամբողջ իմաստը լավագույն հինը վերականգնելն է ու հետաքրքիր դարձնելն է»:

Հյուրատունը դեռ պաշտոնապես չի բացվել, բայց առաջին զբոսաշրջիկներին արդեն ընդունել է՝ ամերիկացիներ էին, որ եկել էին տեսնելու, թե ինչ տուրիստական հետաքրքրություններ կան նաև հասկանալու, թե ինչպես են մարդիկ հայ-թուրքական սահմանին ապրում:

Տուրիզմի զարգացման հեռանկարներ՝ հայ-թուրքական սահմանին գտնվող Բագրավանում
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG