Տավուշի սահմանամերձ Կայան գյուղի բնակիչները ադրբեջանական գյուղերին դեմ-դիմաց են ապրում։ Գյուղի բնակիչներից մեկը երկու կողմի դիրքերն է ցույց տալիս՝ իրար ավելի մոտ ու ամեն վայրկյան զգոնություն պահանջող։ Բայց համոզված ասում է, թե «մեր կողմում էլ, նրանց գյուղերում էլ ամենքն իր գործին է, քանի՝ կրակոց չկա»։
«Սարերի չոբան եմ», - ասում է Տավուշ գյուղի բնակիչներից մեկն ու առաջին խոսքը խաղաղության հետ կապում։ Տավուշցին ուրիշ սպասելիք չունի. «Լավ եմ՝ մեր անասունի, հող ու ջրի [հաշվին], մեր խաղաղության, որ չկա, պիտի նոր լինի»:
Վերջին արյունալի մարտերից հետո Տավուշի պետական կառույցներում ավելի հաճախ են բարձրացնում քաղաքացիների անվտանգության հարցերը։ Խաղաղության ձգտելիս պետք է համոզված լինենք, որ թիկունքում քաղաքացին անվտանգ է, ասում է Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Վիկտոր Աբազյանը։
Հատկապես 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ստուգել են սահմանակից բնակավայրերի ապաստարանների, թաքստոցների ու նկուղային հարկերի վիճակը։ Դրանք կիսով չափ անհույս են բնակչությանը վտանգի դեպքում պատսպարելու համար։
«Էդ հաշվարկն արժեք չունի, քանի որ բնակիչներն անմիջապես չգիտեն իրենց պատսպարման տեղը», - նշեց Աբազյանը:
Գնալով փոխվում են պահանջները։ Աշխարհում որքան զարգանում են կործանիչ զինատեսակներն, այնքան դրանից պատսպարվելն անհնար է դառնում, ասում է բնակիչների անվտանգության հարցերով զբաղվող Վիկտոր Աբազյանը. «Եթե նախկինում խոսում էինք, որ 20 կմ-ն մի մեծ հեռավորություն է, էսօրվա համար մենք բացատրում ենք ժողովրդին, որ 100 կմ-ն այսօրվա համար չնչին հեռավորություն է և ճշգրտությունը շատ ավելի մեծ: Էդ 100 ապաստարանի կամ թաքստոցի կեսը դուրս է մնում, էդ չափորոշիչներին չհամապատասխանող ա դառնում»:
Սահմանակից Ազատամուտի բնակիչները հատ առ հատ ցույց են տալիս գյուղի ապաստարանները։ Գիտեն՝ որտեղ ինչ կա։ Բայց միաժամանակ իրար լրացնելով հարց են տալիս, թե ո՞վ է ապաստարան գնացողը։ Վտանգի դեպքում իրենց անելիքն այնտեղ չէ։
«Դե ինձ թվում ա, որ ստեղ ապաստարան մտնող չի լինի, 92 թվին թուրքը, որ էս կողմից հարձակվեց, ոչ մեկն ապաստարան չմտավ», - ասաց բնակիչներից մեկը:
Գոհար Կուռեխյանը բուժքույր է Դիլիջանում։ ասում է՝ սահմանամերձ Տավուշում դասընթացներ են անցկացնում, բայց, ափսոսում, թե բնակիչները հետաքրքրված չեն։ Հաճախ ձեռքները թափ են տալիս ու անցնում առաջին բուժօգնության և վտանգի դեպքում ճիշտ վարքագծի իրենց դասերի կողքով։ Ու միաժամանակ փաստում, թե «նաև անպատրաստ ենք՝ ի՞նչ անել, ինչպե՞ս պաշտպանվել կամ օգնության հասնել»։
«Կարծում եմ, որ դա դեռևս իրանց չի հասնում կամ ավելի շուտ խուսափում են դրանից, կարծելով, եթե խուսափեն, իրենց չի հասնի, ավելի շատ էսպիսի հոգեվիճակ է», - նշեց Կուռեխյանը:
Հոգեբան Մարինա Ղազարյանն էլ իր հերթին հետևում է բնակչության հոգեբանական պատրաստվածությանը։ Դիտարկել է հանրության շրջանում միտումները Արցախյան վերջին պատերազմից հետո։ Ասում է՝ դժվար շրջանում ենք ու հասարակությանը 4 խմբի է բաժանում։
«Մի խումբ անձինք ենթադրյալ իրավիճակների մեջ են, այսինքն՝ անընդհատ լինել լրահոսում, կարդալ իրավիճակներ և ենթադրություններ անել ինչ-որ ինֆորմացիայի հոսքից: Անձանց մի խումբը շարունակում է ստեղծել, արարել բնականոն ռիթմով և գոնե փորձել թիկունքն ամուր պահել, զինվորագրվող հասարակության խումբը կա և գտանք նաև այն խմբավորումը, որը ուղղակի ապակառուցողականությամբ է զբաղված», - ընդգծեց մասնագետը:
Հոգեբանը կարծում է՝ հոգեբանական վնասվածքն ավելի ծանր կարող է լինել։ Այն նույնիսկ մտածելակերպի ու վարվելակերպի փոփոխություն կարող է բերել, շեշտում է նա։