Մատչելիության հղումներ

Ուկրաինայի անդամակցության հարցում համաձայնություն պետք է տան ՆԱՏՕ-ի բոլոր անդամները․Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ն դատապարտել է ուկրաինական 4 շրջանների բռնակցումը Ռուսաստանին և զգուշացրել՝ Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի դեմ «ծանր հետևանքներ կունենա»։

«Սա զավթման ամենամեծ փորձն է Եվրոպայի տարածքում՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր»,-հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը, մանրամասնելով՝ Պուտինը Պորտուգալիայի չափ տարածք է բռնազավթել ուժի գործադրմամբ։

«Կեղծ հանրաքվեները, որոնք նախագծվել էին Մոսկվայում, կազմակերպվել են միջազգային իրավունքի լիակատար խախտումներով։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն ճանաչում և չեն ճանաչելու այդ տարածքները որպես Ռուսաստանի մաս», - հայտարարել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարը։

Յենս Ստոլտենբերգը միաժամանակ նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Կիևին «Մոսկվայի վերահսկողության տակ անցած տարածքներն ազատագրելու գործում»։

Խերսոնը, Զապորոժիեն, Դոնեցկն ու Լուգանսկը Ռուսաստանի մաս հռչակելու՝ Պուտինի որոշումից հետո Ուկրաինայի նախագահն այսօր պաշտոնապես դիմել էր Հյուսիսատլանտյան դաշինքին՝ արագացված կարգով անդամակցելու համար։ Ի պատասխան դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է՝ որոշումը պետք է կայացվի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 պետությունների համաձայնությամբ։

«Այժմ մեզ համար կարևոր է Կիևին անհապաղ աջակցություն տրամադրելու հարցը, որպեսզի Ուկրաինան պաշտպանի ինքն իրեն ռուսական բիրտ հարձակումից», - ասել է Ստոլտենբերգը։

Նույնն են պնդել նաև դաշինքի անդամ Կանադայի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները։

Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները կողմ է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը միաժամանակ ասել է՝ «անդամակցության համար կա գործընթաց, և երկրները կշարունակեն հետևել այդ գործընթացին»։

Ակնկալվում է, որ առաջիկայում Զելենսկու ստորագրած դիմումը կքննարկվի ՆԱՏՕ-ի Խորհրդում՝ անդամ երկրների դեսպանների մակարդակով։ Քննարկումներից հետո կհայտարարվի՝ պատրա՞ստ է արդյոք դաշինքը ընդունել Ուկրաինային, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Կիևը դրան հասնելու համար։ Որոշումը պետք է կայացվի միաձայն, մինչդեռ Ուկրաինայի դեպքում ոչ բոլորն են համակարծիք։ Հունգարիան, օրինակ, բազմիցս է հրապարակավ դեմ արտահայտվել, անցյալում թերահավատ են արձագանքել նաև Ֆրանսիան ու Գերմանիան:

«Փորձագետները զգուշացնում են, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին գոնե այս պահին անիրական է թվում»,-գրում է «Նյու Յորք Թայմսը»՝ մեջբերելով դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի տեսակետը․ «Դա ժամանակ կպահանջի, և մինչ իրականություն դառնա, Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության երկաթյա երաշխիքներ դաշնակիցների կողմից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG