Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմում զոհվածի հայրը պետությունից ստացած գումարով այգի է հիմնել, ծառեր տնկել ու անվանակոչել զոհվածների անուններով


44-օրյա պատերազմում զոհված Դավիթի հայրը՝ Բագրատ Ուզունյանը, որդու կորստից հետո պետությունից ստացած գումարով այգի է հիմնել, 30 ծառ է տնկել ու անվանակոչել պատերազմում զոհվածների անուններով։

Որդին՝ Դավիթը, նրանցից մեկի հետ ծառայել է նույն զորամասում, մյուսի հետ՝ նույն դպրոցում սովորել, հաջորդի հետ՝ մեծացել... հիմա «Եռաբլուր»-ում էլ են կողք-կողքի, իսկ այգում նրանց անվանական ծառերն են փթթում։

«Հայկ Զավենի Մկրտչյանի ծառն է, ծառայում էր Տավուշում: Բոլորի հետ էնքան ենք մտերմացել անգիր գիտենք սաղի պատմությունը ոնց ա եղել, ինչ ա եղել: Ծառերից մեկը Դավիթիս մանկության ընկերոջ ծառն ա, որ հինգ տարեկանից ընկերություն են արել, Արթուրիս ծառն ա: Սաղ ծառերը կանաչել էին, բացի էս, գալիս էի նստում էի, խոսում էի, արևադարձից մի շաբաթ, երկու շաբաթ առաջ տեսնեմ ծիլ տվեց ու ծաղկեց: Բոլորի հետ էլ խոսում եմ, մեկը կողքից տեսնի կասի՝ գժվել ա», - ասաց Ուզունյանը:

Տարածքը փոքր է, չի կարող զոհերի թվով՝ ավելի քան 3000 ծառ տնկել։ Այգու մի հատվածում որդու ամենասիրած մրգի՝ մանդարինի ջերմոց է կառուցում, ասում ՝ կիլոներով էր ուտում։ Ով ունի մանդարինի ու ծաղիկների սերմեր՝ սիրով կընդունի։ Որոշել է՝ բերքը հավաքելու է և տղաների ընտանիքներին ուղարկի:

«Ես գիտեմ, որ ոչ մեկս դրա կարիքը չունենք, ուղղակի կստացվի՝ ինքը ուղարկում ա իրա էրեխեքին, ծնողներին», - նշեց Բագրատ Ուզունյանը:

19-ամյա Դավիթը ֆուտբոլիստ էր, նաև Ամերիկյան համալսարան էր ընդունվել։ «Եռաբլուր»-ում՝ կողքին Էդգարի շիրիմն է, մի թիկնեղ տղա, ասում է Բագրատը։ Արթուրի ծառն իր պես նրբակազմ է մնացել, իսկ օրինակ՝ Տիգրանինը՝ այգու ամենափարթամն ու բարձրն է՝ իր պես:

«Երբ որ տնկեցի էս ծառն ու անվանակոչեցի, բոլորը հավասար էին ու էդ ծառը դրեցի Էդգարի անունով, հետո էս երկու տարվա մեջ էլի նույն ձևի ծառը՝ իրա նման մեծ, հաղթանդամ», - ասաց նա:

21-րդ դարի առաջին ծնուդներից մեկն է եղել Դավիթը, ծնվել է 2001-ի հունվարի 1-ին։ Թոթովախոս ավագ եղբայրը Դավիթին Դադի է դիմել, այդպես է հիմա հոր հիմնած այգին է կոչվում՝ «Դադիտուն»։

Պետության տված միանվագ՝ 10 միլիոն դրամով այս այգին է հիմնել, հետո շրջել բանկերով, որոնցից միայն մեկն է համաձայնել անտոկոս վարկ տրամադրել, այդ գումարով էլ այգուն կից քարե շինություն է կառուցում, որ անվճար հյուրատուն կլինի։ Բագրատն ասում է՝ դռները բաց կլինեն նրանց համար, որոնք խնամքով կվերաբերեն տարածքին, ծառ ու ծաղիկ կտնկեն...միայն թե տարածքն ապրի, շնչի։

Հասցրել է նաև որդու երազած լողավազանն իրականություն դարձնել։ Բայց բյուրոկրատական քաշքշուկների պատճառով չի կարողանում ջրի ու հոսանքի հարցն արագ լուծել, որ ծառերը չչորանան ու կարողանան շինաշխատանքներն ավարտել։ Վճարումներն արել ու սպասում է, հերթագրել են...ասում է՝ գոնե արագացնեն. «Ծառեր կան, որ ջրի պատճառով չորացան, լավ ա, որ անվանական չէին»:

Բագրատն ամեն օր գնում է որդու շնչով ապրող այգի, որ աշխատի, բայց տարվում է մտքերով, միացնում տղայի վերջին հեռախոսազանգերի ձայնագրությունները, դրանք քիչ են, կապի է դուրս եկել, երբ թույլ են տվել: Թե ինչպես է որդին հայտնվել Արցախի «Եղնիկներ» կոչվող զորամասում, ինչպես է Դավիթն ասել՝ «դա վերջն է պապ», բայց հետո ինչպես չի ցանկացել տեղափոխվել այդտեղից, երկար պատմություն է: Չի ուզում խոսել նաև այն մասին, թե ինչպես է զոհվել որդին, ինչպես են իրենք լուրը ստացել։

Փոխարենը ժիպտով հիշում է, որ Դավիթը մոր ցանկությունն իրականություն է դարձրել՝ ուղարկել է մի նկար Մռավի լեռներով շրջապատված տարածքի ամենաբարձր քարին կանգնած՝ ամպերի մեջ, որտեղ էլ մնաց՝ ինչպես նկարում...

XS
SM
MD
LG