ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 1-8-ը կանցկացվի «ՀայՖեստ» կատարողական արվեստի միջազգային 20-րդ փառատոնը, որն այս տարի կհյուրընկալի 10 երկրից ժամանող ավելի քան 250 մասնակցի։
Փառատոնից առաջ ավանդաբար հրավիրվող ասուլիսին փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանն ընդգծեց. - «20-րդ «Հայֆեստն» է, հոբելյանական... ոչ այդքան, որ ասեմ սենց տոնական տրամադրություն ունենք բոլորս, բայց փորձում ենք, որ թատրոնի տոնը, այդ որակը ապահովենք»։
Հոբելյանական փառատոնն այս տարի կրում է «Հաջորդ 20 տարիները ավելի լավը կլինեն» խորագիրը։ Փառատոնի շրջանակներում նախատեսված 26 ներկայացումները կցուցադրվեն երևանյան 14 բեմահարթակներում։ Կլինեն նաև բացօթյա բեմադրություններ։
Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից թատերախմբերը մեր թատերասերներին կներկայացնեն ամենատարբեր ժանրերի ներկայացումներ, այդ թվում և հանրահայտ Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն. նրա հավերժական կուռքը» ներկայացումը։
Երևանյան թատրոններից փառատոնային հիմնական ծրագրում իրենց ներկայացումները կցուցադրեն Կամերային պետական թատրոնը, «Համազգայինը», Թումանյանի անվան տիկնիկային և «Միհր» թատրոնները։
Այս ամենին զուգահեռ, Արթուր Ղուկասյանի խոսքով. - «Կլինի ակտիվություն մեզ մոտ կրթական ծրագրերի։ Մենք կունենանք վարպետության դասեր՝ դերասանի վարպետության, շարժման թատրոնի, մշակութային քաղաքականության, արվեստի կառավարման։ Կխոսենք ժամանակակից մարտահրավերների մասին, երբ որ, ցավոք սրտի, քաղաքականությունը տարբեր երկրների կարող է մխրճվել մշակութային համակապակցության գործառույթի մեջ և այլն։ Մեզ մոտ այս տարի կլինեն ներկայացումներ անվճար, և կլինեն ներկայացումներ վճարովի, և ամբողջ ներկայացումների վաճառքի հասույթը կգնա «Ալեն Մարգարյան» բարեգործական հիմնադրամին»։
Հոկտեմբերի 1-ին փառատոնը կմեկնարկի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում 44-օրյա պատերազմին զոհված, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեքիաթների հիման վրա ստեղծված «Դետեկտիվ Ալենը» խորագրով տիկնիկային ներկայացմամբ։ Նույն օրը երեկոյան Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կներկայացվի ռումինական «Վերելակ» պարային ներկայացումը։
«Ազատության» հարցին, թե այս 20 տարիների ընթացքում փառատոնի հիմնադիր նախագահը որն է համարում փառատոնի ամենակարևոր ձեռքբերումը, նաև ազդեցությունը մեր թատերարվեստի զարգացման վրա, Արթուր Ղուկասյանը պատասխանեց. - «Այն, որ մենք ունենք այժմ երեքից հինգ հիանալի ռեժիսոր, մեծ տոկոսը «Հայֆեստի» շնորհքն է։ Այո։ Այն, որ մենք ունենք այժմ կազմավորված բարձր որակի դրական մրցակցություն, դա «Հայֆեստի» շնորհքն է։ Եվ ուրիշ փառատոների՝ Արմմոնոյի, Շեքսպիրյանի, մեր գործընկերների և այլն։ Որովհետև, օրինակ, ի՞նչ է նշանակում new writing, ի՞նչ է նշանակում նոր դրամա, որտեղի՞ց հայտնվեցին այն շնորհալի, տաղանդաշատ դրամատուրգները, ովքեր սկսեցին գրել էդ ժանրի մեջ, էդ տեսակի մեջ։ Մինչև էդ չէին հասնականում դա ինչ ա նշանակում, պարզապես գրում էին։ Իսկ հիմա գիտեն, որ էդ, ինչ գրում են, կոչվում ա այսպես։ Որովհետև մենք անցկացրել ենք լաբորատորիաներ, սեմինարներ, կլոր սեղաններ, մասթեր կլասներ և այլն։ Եվ այդպես՝ տարբեր ոլորտներում։ Ի՞նչ ա նշանակում բացօթյա ներկայացում։ Մինչև էդ մարդիկ մտածում էին, որ բացօթյա ներկայացումը բեմ ես կառուցում... Մինչև հիմա կան էդպիսի չինովնիկներ, ցավոք սրտի, խոսում էի մի երեք օր առաջ տարբեր մարդկանց հետ, ու ասում էին՝ մի րոպե սպասեք, բացօթյան ուրեմն բեմի չափերը պտտի ասեք, որտեղից է տեխնիկան բերում պըտի ասեք... ի՞նչ բեմ, ի՞նչ տեխնիկա... Այսինքն՝ տեսնո՞ւմ եք ինչքան աշխատանք կա անելու, ինչքան պետք է մենք կրթենք մարդկանց։ Հատուկ չինովնիկների համար՝ special for chinovniks... Ո՞րն է տարբերությունը, օրինակ, ժամանակակից պար և modern ballet... Այ, մենք կտեսնենք ամսի 5-ին և 6-ին Սունդուկյան թատրոնում հեղինակավոր Էյֆմանին, իր ներկայացումները, եթե չեք տեսել ներկայացումները 2016-ին, երբ որ հյուրախաղերն էին իրենց, դա modern ballet ա բարձր որակի։ Իսկ այն, ինչ դուք կտեսնեք բացմանը՝ ռումինական ներկայացումը, դա ժամանակակից պարն ա, շարժման թատրոն»։
Փառատոնի շրջանակներում ներկայացումներ կցուցադրվեն նաև Գյումրիում և Վանաձորում։