Վաղը Կրեմլում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Պետական դումայի պատգամավորների հանդիպումը, որի օրակարգում Ուկրաինայի զավթված տարածքներում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների արդյունքների վերաբերյալ նախատեսված քայլերն են:
Վաղը Կրեմլում կստորագրվեն փաստաթղթեր Ռուսաստանի Դաշնության կազմ նոր տարածքների ընդգրկման մասին: Այդ տեղեկությունը հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մի անանուն օրենսդիր էլ ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է, որ նախագահը մտադիր է հատուկ ուղերձով դիմել խորհրդարանի երկու պալատներին՝ Դաշնության խորհրդին և Պետական դումային:
Ենթադրվում է, որ Ռուսաստանն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինայի գրավյալ տարածքները Դաշնությանը միացնելու մասին, ինչը կհիմնավորի Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացված ապօրինի հանրաքվեների արդյունքներով:
Մոսկվայի Կարմիր հրապարակն արդեն զարդարել են «Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը՝ Ռուսաստան են» գրությամբ հսկայական պաստառներով և հանդիսավոր միջոցառումների ու տոնական համերգի բեմ են տեղադրում:
Կիևը և Արևմուտքը կտրականապես մերժում են այդ հանրաքվեների արդյունքները ճանաչելու հնարավորությունը:
Նախօրեին Վաշինգտոնը հայտնել է Կիևին ևս 1 միլիարդ 100 միլիոն լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին:
Այդպիսով, այս պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինային Ամերիկայի հատկացրած օգնության ծավալը կհասնի 16 միլիարդ 200 միլիոն դոլարի: Արևմուտքը ծրագրում է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ: