Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Ռոբերտ Սպանոյին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։
Գրիգորյանը նաև Դատարանի նախագահին է տրամադրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, որում վերլուծված են նաև ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքերը:
Ռոբերտ Սպանոն ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը՝ անդրադառնալով արձանագրվող հիմնական խախտումներին և դրանց ուղղությամբ Պետության կողմից ձեռնարկվելիք քայլերին:
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Մարտերի հետևանքով հայկական կողմի զոհվածների և անհետ կորածների պաշտոնապես հրապարակված թիվը 207 է, Բաքուն 80 զոհի մասին է տեղեկացրել։ Պաշտոնական տվյալներով՝ վերջին մարտերից հետո հայկական կողմն ունի առնվազն 20 ռազմագերի։
Այս ընթացքում հրադադարի խախտման մի քանի դեպք է արձանագրվել, երկու կողմից զինծառայողներ են վիրավորվել: