Մատչելիության հղումներ

«Հայաստանի Հանրապետությունը ռուսական 102-րդ ռազմաբազայի սեփական բոստանը չէ». Լևոն Բարսեղյան


Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան

Գյումրիի ռուսական ռազմաբազայից ուրբաթ երեկոյան գրեթե մեկ ժամ տևած կրակոցի ձայները լսելի էին քաղաքի տարբեր հատվածներում:

Գյումրեցիները սկսեցին սոցիալական ցանցերում գրել, թե քաղաքի այս կամ այն հատվածներից կրակոցներ են լսել, նույնիսկ փորձում էին զինատեսակները կռահել: Բայց թե ինչ կրակոցներ էին ու որտեղից էր, ոչ մեկը չգիտեր:

Եվ միայն երկու ժամ անց Գյումրիի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, թե կրակոցները ռուսական 102-րդ բազայից են. - «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ: Բնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»:

Ռուսական 102-րդ ռազմաբազան հատուկ զորավարժարաններ ունի, մեկը Գյումրին մոտ Կամխուտն է, մյուսը Ալագյազ գյուղում է: Զորավարժանք անցկացնելու համար ռուսական կողմը պետք է նախ իրազեկի ՏԻՄ մարմիններին, վերջիններս էլ՝ բնակչությանը: Գյումրիի քաղաքապետարանից հրաժարվում են որևէ մեկնաբանությունից, միայն նշում են, որ ռազմաբազայից իրազեկումը ստացել են աշխատանքային օրվա ավարտին:

Հնչած կրակոցների, քաղաքապետարանի իրազեկելու ժամերի համադրմամբ ստացվում է, որ զորավարժանքների ընթացքում կամ ավարտից հետո են իրազեկել:

Բազայի զորամասերի մոտ ապրողների հետ զրուցեցինք, ոմանք լսել էին, ոմանք՝ ոչ:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է, որ ռուսական կողմն առաջին անգամ չէ, որ նման վարքագիծ է դրսևորում. - «Այս վարքը շատ նման է սեփական բոստանում իրենց կամեցած բույսերն աճեցնելուն։ Այնինչ Հայաստանի Հանրապետությունը ռուսական 102-րդ ռազմաբազայի սեփական բոստանը չէ։ Իրենք պարտավոր են վերջապես իրենց բարեխիղճ պահել, դաշնակցի պես պահել։ Հասկացանք, որ վաղուց իրենք իրենց դաշնակցի պես չեն պահում, հասկացանք, որ դեռ ինչ-որ պայմանագիր է գործում, հասկացանք, որ իրենց կենվոր են այդ բազայում, Գյումրի քաղաքում և մի շարք ուրիշ բնակավայրերում։ Բայց կարգին պահելու պարտադրանքը պետք է լինի իշխանությունների կողմից»։

Մի քանի տարի առաջ ռուսական ռազմաբազայի զինծառայողները կրկին կրակոցներով զորավարժանք էին անցկացրել Փանիկ գյուղում՝ դարձյալ առանց իրազեկելու: Միջադեպը ավարտվեց ռուսական կողմի ներողությունով, որ նման դեպքերը չեն կրկնվի, խուճապի մատնված փանիկցիների սրտերը շահելու համար էլ համերգ ու հյուրասիրություն կազմակերպեցին:

Գյումրիի ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանն դժգոհում է, որ բազայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած տարբեր միջադեպերից, սպանություններից հետո այդպես էլ իշխանութունները կարգավորող հստակ մեխանիզմներ չմշակեցին. - «Հարկավոր է այդ հարաբերությունները կարգավորել հստակ՝ նախնական իրազեկում, զինված զորքի կամ տեխնիկայի տեղաշարժի դեպքում նախնական իրազեկում, նախնական իրազեկումից հետո իշխանություններն են իրազեկում հանրությանը, զգուշացվում է, ասվում է, և Հայաստանի իշխանությունները ուղեկցում են այդ զորաշարժերը։ Թեկուզ մեկ մեքենա, որի մեջ զինված բազայի զինվորական կա, պիտի ուղեկցվի հայկական պարեկային ծառայությամբ, կամ զինվորական ոստիկանության միջոցով։ Էական չէ։ Կարևորն այն է, որ դա նախապես պիտի իրազեկվի, մարդիկ պիտի զերծ լինեն նման միջադեպերից ահաբեկվելուց, այն էլ այս դրության մեջ ինչ ասես կարող է մարդիկ մտածեն... թե զորամասի ներսում իրար են խփում։ Կարող է խփեն-խփեն, դուրս գան զորամասից դուրս»։

1994-ին բացված Գյումրիի ռազմաբազան, ըստ հայ-ռուսական միջպետական պայմանագրի, մինչև 2044 թվականը շարունակելու է գործել Գյումրիում: Այնտեղ շուրջ 5000 զինծառայող է ծառայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG