Եթե հարուստ չես, ընտանիքդ փոքր է, օգնողներ չունես, ուրեմն հիվանդության ախտորոշումն ասես վերջնագիր է հայաստանցու համար, ասում է Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Անժելա Բաղդասարյանը, որ ոտքերի ցավերով դիմել է բժիշկներին ու պարզել՝ միայն թանկարժեք վիրահատությունը կարող է վերականգնել իր քայլելու հնարավորությունը։
«Մարդը հիվանդացավ, եթե չունի գումար, ուրեմն տառապում ա իր հիվանդությունով: Գնացի բոլոր ռենտգենները, անմիջապես ասացին, որ կոնքային հատվածում չաշկեքը մաշված ա: Ասաց` պլյուսով-մինուսով երկու միլիոն դրամ, եթե չունե նպաստ, կարգ, զինվոր, եթե պատվերի ոչինչ չունես: Հասկացա, որ ես դա չեմ կարա անեմ, դա իմ ուժից վեր գումար է, փորձեցի ապրեմ` ոնց կամ, ինչքան էս ոտքերը կգնային, ուրիշ ձև ես էլ չէի կարում պատկերացնեի դա: Եկա տուն, արդեն դրա վրա անցել է մեկ տարի, դե գնալով ավելի բարդ է», - «Ազատությանը» պատմեց նա։
Արդեն մեկ տարի դժվարությամբ է քայլում։ Մի կերպ տեղաշարժվում տան մեջ, սենյակից սենյակ գնում։ Գրեթե կես ժամ է պահանջվում գյուղական տան աստիճաններով պետքարան հասնելու և վերադառնալու համար։ 14-ամյա որդու միակ խնամակալն է։ Խոպանից այդպես էլ չվերադարձած ամուսինը 10 տարի առաջ է տեսել որդուն։
«Երկու տարեկան էր տղաս, ինքը հերթական գնաց խոպան, իր խոպանը, գնաց, էդ առաջին տարին եկավ վեց ամիս հետո մի շաբաթով, էն մի տարի մի տարի հետո եկավ մի շաբաթով ու գնաց ու գնաց», - պատմում է նա:
Միայն հողագործության ծանր աշխատանքով գումար վաստակած կինը եկամտի որևէ աղբյուր այլևս չունի։ Հանգամանալից պատմում է հիվանդության պատմությունն ու անպատասխան հարցեր տալիս՝ ի՞նչ կարող է անել քաղաքացին, որ պետպատվերից օգտվելու հնարավորություն չունի։ Դիմել է տարբեր ատյանների ու եզրահանգել՝ միայնակ է իր հիվանդության ու անչափահաս որդուն խնամելու դժվարության հետ. «Ես ուզում էի հասկանամ` ո՞ւմ դիմեմ, ո՞ւմ: Դրա համար ես զանգեցի բոլոր թեժ գծերը, կարելի է ասել, ինչը կապ ունի` և՛ մարդու իրավունքը, է՛լ առողջապահությունը, է՛լ սոցիալականը, սաղ իրենց հերթին ասացին` դա մեր խնդիրը չէ: Այսինքն` հիվանդ մարդը պետության խնդիրը չէ»:
Երիտասարդ կինն այսօր էլ չի հաշտվում մտքի հետ, որ գարնանն ի վիճակի չի լինի հող մշակել, ցանքս անել ու բերք հավաքել։ Առայժմ այդ գործը 14-ամյա Էրիկի ուսերին է։
«Խնձորն եմ քաղում, փոքր ծառերի խնձորը պետք է քաղեմ ձմեռվա համար, դեռ խակ է, բայց մի շաբաթից արդեն կարանք քայլենք այս խնձորը», - ասում է տղան:
Անժելան խոսում է իր դժվարություններից, բայց մտաբերում, թե վերջին պատերազմների հետևանքով հազարավոր զինվորներ այսօր կարիքի մեջ են։ Ասում է ու ավելացնում՝ իր որդին էլ ապագա զինվոր է։ Ամեն ինչ կանի նրան օգնելու՝ հասնելու իր երազանքներին, եթե անգամ ոտքերն այլևս չծառայեն իրեն։
«Անկեղծ` անելանելի վիճակ է սա, որովհետև դա մեծ գումար է, ես չեմ կարող այդ գումարն ինքս ստեղծեմ: Նենց չի, որ անընդհատ խղճացած լաց եմ լինում, չէ, բայց ճիշտն ասած` չգիտեմ, չեմ պատկերացնում` ելքը որ ուղղությունից կարա լինի կամ ոնց: Ամենաշատ մտահոգողն իմ վիճակից այն է, որ նենց չլինի, որ էս էլ չքայլեմ, ու տղես մնա լրիվ իր հույսին: Հիմա գոնե եթե էլի կարում եմ գնամ խոհանոց, հետ գամ, որովհետև քանի գնում է, վիճակը բարդանում է: Կարա գա մի պահ, որ իրոք ես էդ էլ չկարողանամ անել», - շեշտում է կինը: