Մատչելիության հղումներ

Թատերական գործիչների համոզմամբ` հայ թատրոնի ավելի լավը լինելու «ծիլերը կան», պիտի «առավել համարձակ քայլել»


Թատերական ներկայացում, արխիվ
Թատերական ներկայացում, արխիվ

Վերջին մի քանի տարիներին զգալիորեն աշխուժացել է թատերական աշխարհը՝ նորանոր ուշագրավ բեմադրություներով, ասելիքի թարմությամբ, միջազգային փառատոններին տարբեր թատերախմբերի մասնակցությամբ և ձեռքբերումներով։

«Մենք համընթաց ենք քայլում մեր իրականությանը, մեր ժամանակին և մեր միջավայրին», - «Ազատության» հարցին, թե արդյոք այսօր մեր թատերական աշխարհը համընթաց է քայլում համաշխարհային կամ եվրոպական թատերական աշխարհին, պատասխանեց Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը` շարունակելով. «Կարծում եմ` կարիք կա ավելի համարձակ քայլելու և ավելին անելու, որովհետև կասկած չունեմ, որ այդ պոտենցիալն ունենք, բայց դրա համար առաջին բանը, կարծում եմ, ինքնահաղթահարումն է, որ մենք պիտի անենք և իրականությանը իրական աչքերով նայենք»:

Արդրբեջանի կողմից Հայաստանի վրա հերթական հարձակումից և արյունալի բախումներից հետո չեղարկվեցին մի շարք մշակութային իրադարձություններ` փառատոններ, ցուցահանդեսների բացումներ, համերգներ, որոնցով ավանդաբար լի էին սեպտեմբերյան այս օրերը՝ մեկ անգամ ևս հաստատելով հայտնի ասույթը՝ «մուսաները լռում են, երբ թնդանոթներն են խոսում»։ Այդպես էր նաև 2020 թվականին, բայց հետո չնայած 44-օրյա պատերազմի և համավարակի թողած անդառնալի կորուստներին` աստիճանաբար մշակութային կյանքը կրկին աշխուժացավ, քանի որ մշակույթը, արվեստը իրոք կարող է հոգու սպեղանի դառնալ յուրաքանչյուրի համար։

Գաղտնիք չէ, որ այս առումով ուշագրավ ձեռքբերումներ գրանցեցին գրահրատարակչության, երաժշտարվեստի և թատերարվեստի ոլորտները։

«Ես արդեն ծիլերը տեսնում են մեր հայ թատրոնի լավը լինելու, այսինքն` արդեն մի շարք տեղեր թատրոններ կան, որ կարող ես մատնանշել մի քանի ներկայացում, որոնք միջազգային փոռատոններում ուղղակի փայլուն ներկայացնում են հայ թատրոնը, և այն, որ ասում եմ` չեխովյան փառատոնի … ասում էր` ես միշտ տեսնում էի ծիլերը, բայց ես հիմա ես հաստատ կարող եմ ասել, որ հայ թատրոնն իր խոսքը ասելու է միջազգային թատերական ասպարեզում: Ես կարծում եմ` մենք հիմա պիտի ուս ուսի տանք, գալիս են նոր ուժեր, որոնք ավելի գիտակ են, նոր մտածողությամբ: Մնում է` մենք էլ մի քիչ կարողանանք ավելի, ներկայացում բեմադրելիս հիշենք ժամանակակից բառը, լինենք ժամանակի մեջ», - շեշտում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

Վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է նաև հանդիսատեսի հաճախելիությունը թատրոն, բայց, իհարկե, թատերական գործիչների համոզմամբ` թատրոնի և հանրության կապը պիտի անխզելի լինի։

«Ես տեսնում եմ, որ հանդիսատեսը գալիս է թատրոն, և կուզեի, որ ավելի շատ սնվեր թատրոնը` անվերջ և անընդհատ մտածեր ոչ միայն հացի սկզբունքով, հոգևոր սննդով էլ պիտի սնվի մարդ, որպեսզի դառնա լիարժեք, որպեզի դառնա քաղաքացի, երկրի տեր», - ասում է Վարդան Մկրտչյանը:

Անվանի բեմադրիչ Ռուբեն Բաբայանը համոզված է` պիտի էլեմենտար հասկացողություն լինի, որ արվեստը միայն ժամանց չէ. «Առավել ևս այսօրվա օրով արվեստն ու մշակույթը բացի կարևոր հոգևոր սնունդը, նաև այսօրվա Հայաստանում կատարում է ռեաբիլիտացիոն դեր. չի կարելի առավել ևս երիտասարդներին թողնել անհույս վիճակում: Կյանք չկա, մենք հիասթափված ենք, ապագա չկա, հեռանկար չկա, ո՞նց կարելի է: Մշակույթ է չէ՞, մշակույթը տիրոջ վերաբերմունքն է: Հիմա տանտերը ո՞րն է, ասենք` բնակարանի 100 քառակուսի մետրն է կամ 50 քառակուսի մետրն է, թե 29 հազար քառակուսի մետրն է: Դու մինչև այդ 29 հազար քառակուսի մետրին տեր չկանգնես, այդ մնացածին չես կանգնի, դու պիտի ապացուցես, թե դու ինչ երկիր ես ուզում կառուցես, պետք է պարզապես հասկանալ մշակույթի կարևորությունը երկրի առաջընթաց ապահովելու մեջ:

Ամեն ինչի հիմքում պետք է լինի մշակույթը, մշակույթը ենթադրում է, որ յուրաքանչյուր ոլորտ պետք է մշակվի, նա պետք է ազնվականացվի», - ընդգծեց Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG