«Մենք պատրաստ ենք երկխոսության համար կենտրոն դառնալ՝ հաստատելու մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։ Հենց այդ մտադրությամբ է Վրաստանը աջակցում հարևանության խաղաղ նախաձեռնությանը, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մասնակցությունը», - հինգշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նա հիշեցրել է, որ Վրաստանի միջնորդության շնորհիվ Ադրբեջանը 2021 թվականին Հայաստանին վերադարձրեց 15 ռազմագերիների, իսկ Երևանը Բաքվին փոխանցեց ականապատված դաշտերի քարտեզները։
Ղարիբաշվիլին ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից շարունակվող լայնածավալ պատերազմը խարխլում է երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։