«Այլ երկրի տարածքը ուժով գրավելն անընդունելի է», - քիչ առաջ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով` Վաշինգտոնը շարունակում է աջակցել Ուկրաինային։ «Ուկրաինական ճգնաժամը պետք է արդարացի հանգուցալուծում գտնի», - պնդում է Բայդենը։
«Եթե այս կամ այն երկիրը առանց հետևանքների բախվելու կարողանա կյանքի կոչել իր կայսերապաշտական հավակնությունները, դա կվտանգի այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է ՄԱԿ-ը», - հայտարարել է Բայդենը։
Անդրադառնալով Չինաստանի հետ հարաբերություններին՝ Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը Չինաստանի հետ սառը պատերազմի կամ առավել ևս հակամարտության մեջ ներքաշվելու մտադրություն չունի։ Բացի այդ, ըստ Բայդենի, Միացյալ Նահանգները ճանաչում է «Մեկ Չինաստանի» սկզբունքը, համաձայն որի՝ Թայվանը ՉԺՀ անբաժանելի մասն է։