Մատչելիության հղումներ

Բաց հասարակության հիմնադրամները հրադադարն ամրապնդելու անհապաղ քայլերի կոչ են անում միջազգային հանրությանը


Բաց հասարակության հիմնադրամների լոգոն, արխիվ
Բաց հասարակության հիմնադրամների լոգոն, արխիվ

Բաց հասարակության հիմնադրամները (ԲՀՀ) կոչ են անում միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու հրադադարը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ինտենսիվ մարտերի բռնկումից հետո, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 200 զինծառայող:

Ինչպես ասվում է Բաց հասարակության հիմնադրամների հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում, անցած շաբաթվա սկզբին ադրբեջանական ուժերը հրետակոծել են Հայաստանի տարածքը, ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ այնուհետև գրավել տարածքներ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի ներսում։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, մեծ երկրի կողմից ավելի փոքր, քաղաքականապես մեկուսացված հարևանի դեմ ագրեսիայի ևս մեկ ակնհայտ օրինակ է», – հայտարարել է Բաց հասարակության հիմնադրամների Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գործադիր տնօրեն Դանիելա Շվարցերը:

«Մենք կոչ ենք անում ԵՄ-ին և ՄԱԿ-ին՝ քայլեր ձեռնարկել երաշխավորելու, որ ադրբեջանական զորքերը լքեն Հայաստանը և մարտերը չվերսկսվեն, այդ թվում՝ հրադադարի մոնիտորինգի խմբերի տեղակայման և Բաքվի վրա դիվանագիտական ճնշման միջոցով, որպեսզի վերջինս վերադառնա խաղաղ բանակցություններին», - ասված է հայտարարությունում:

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:
Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր հաստատված 135, Ադրբեջանը՝ 79 զոհվածների մասին:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով: Հրադադարը պահպանվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG