Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է մայրաքաղաք Նուր-Սուլթանն Աստանա վերանվանելու հրամանագիրը:
Այս քաղաքի անունն արդեն վեցերորդ անգամ են փոխում: Այն 1830 թվականին կառուցվել է որպես կազակական բնակավայր, որն անվանել են Ակմոլինսկ:
1961 թվականին քաղաքն անվանել են Ցելինոգրադ: Ապա նորանկախ Ղազախստանի իշխանությունների որոշմամբ, 1992-1998 թվականներին այն անվանել են Ակմոլա:
1997 թվականին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ մայրաքաղաքն Ալմաթիից փոխադրել են Ակմոլա, որը հետագայում անվանվել է Աստանա, թարգմանաբար՝ «մայրաքաղաք»:
Նազարբաևին փոխարինած նախագահ Տոկաևը 2019 թվականի մարտի 23-ին առաջարկել է ի պատիվ առաջին նախագահի, մայրաքաղաքն անվանել «Նուր-Սուլթան»: Որոշումը մտել է ուժի մեջ, բայց միանշանակ չի ընդունվել:
Այս տարեսկզբին Ղազախստանում տեղի են ունեցել սոցիալական բնույթի բողոքներ, որոնք հանգեցրել են արյունալի բախումների: Նազարբաևի հետ կապված ազդեցիկ պաշտոնյաներից և գործարարներից շատերը հեռացվել են աշխատանքից և պատասխանատվության են կանչվել:
Նախկին նախագահի գերդաստանի դիրքերն էապես թուլացել են, ինչի վկայություններից մեկը մայրաքաղաքի հերթական անվանափոխումն է:
Սեպտեմբերի 17-ին նախագահ Տոկաևը նաև վավերացրել է Սահմանադրության բարեփոխումը, որով երկրի գերագույն ղեկավարը կարող է առանց վերընտրելու իրավունքի պաշտոնավարել 7 տարի ժամկետով: