Մատչելիության հղումներ

Սուբսիդավորման ծրագիր՝ հացահատիկի կրճատված ցանքատարածությունները վերականգնելու համար


Հացահատիկի կրճատված ցանքատարածությունները վերականգնելու համար գործադիրը սուբսիդավորման ծրագիր է իրականացնելու: Այս անգամ գյուղացուն ոչ թե սերմացու, դիզվառելիք կամ պարարտանյութ է տրամադրվելու, այլ անկանխիկ գումար:

Սուբսիդավորման երկու տարբերակ է հնարավոր՝ մեկ հեկտարի համար 70 կամ 120 հազար դրամ, կախված, թե գյուղացին ինչ տեսակի սերմնացու է օգտագործում, պարզաբանում է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանը:

«Հավաստագրված սերմերով ցանք իրականացնելու դեպքում փոխհատուցվում է պարարտանյութի, դիզվառելիքի և սերմերի ծախսի մասով, իսկ ոչ հավաստագրված սերմերով ցանք իրականացնելու դեպքում միայն պարարտանյութի և դիզվառելիքի համար», - ասաց Համայակյանը՝ նշելով, - «գյուղացին, որը իր սերմը այս տարվա բերքահավաքից ունի, կարող է ցանել, համարվում է չհավաստագրված սերմացու և փոխհատուցում է տրամադրվում 70 հազար դրամի չափով»:

Գումարն էլ միանգամից չի տրամադրելու: Եթե համայնքապետարանը կհաստատի, որ շահառուն պահանջված նորմերով է իրականացրել ցանքսը նոր միայն բանկային հաշվին կփոխանցվի գումարը: Ինչպե՞ս են վերահսկելու աջակցության արդարացի բաշխումը հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, երբ սերմնացուի, դիզվառելիքի ու պարարտանյութի սուբսիդավորումը ոչ թե գյուղացիներին էր հասնում, այլ դրանք յուրացնող համայնքապետերին։

«Էս պահին որևէ կերպ հնարավոր չէ, օրինակի համար, չցանած դաշտերը ներկայացնել որպես ցանված: Հստակ հսկողության, վերահսկողական մեխանիզմներ առկա են՝ երկաստիճան, և այստեղ չկա որևէ մտավախություն, որ եթե ամեն ինչ նորմալ է ընթացել, ինքը փոխհատուցում չստանա», - նշեց Համայակյանը:

Բասենում հիմնականում հացահատիկ են մշակում: Ալեքսան Ալեքսանյանն իմացել է ծրագրի մասին ու կօգտվի, բայց ոչ թե 120, այլ 70 հազար դրամի ծրագրից: Իր ունեցած սերմն է ցանելու, քանի որ ֆերմերներից 300 դրամով սերմացու գնել չի կարող:

«Եթե ժողովուրդը էսօրվա դրությամբ գումար ունենա, կարա առնի ցանի իրա ուզած ձևով, բայց գումար չունի, որտեղից 300 դրամ տա, որ ֆերմերից ցորեն առնի, ո՞նց առնի, եթե ունենք, իրենը կցանի էլի», - ասաց Ալեքսանյանը:

Նա կարծում է՝ ավելի ճիշտ կլիներ, եթե գումարի փոխարեն սերմացու տրամադրվեր՝ հետ տալու տարբերակով. - «Եթե պետությունը օգնի, տա, հետո հետ պահանջի, խոսքի՝ տվեց 400-500 կիլո ցորեն, թող ցորենի ժամանակ գումար կամ ցորենը պահանջի, հետ վերցնի, էդ ձևով կլինի, թե չէ մարդիկ չեն կարա առնեն»:

Արկադի Սարգսյանն արդեն աշնանացան ցորենը ցանել է: Ասում է, վատ ծրագիր չէ միայն թե գումարն են ուշ փոխանցում. - «Եթե գումարը նախնական տար, ես կգնայի 6,5 հեկտար ցանք եմ արել, կգնայի 6,5 հեկտարն էլ թազա սերմ կբերեի կցանեի, բայց ես ի վիճակի չեմ 300 դրամով թազա սերմա առնեմ, նայեմ տեսնեն՝ պետությունը կա՛մ կտա, կա՛մ չի տա»:

Գյուղատանտեսն առաջարկում է, որ ոչ թե գյուղացուն գումար տա, թեկուզ կանխիկ, այլ սերմարտադրողին փոխհատուցի, որ գյուղացին էժան գնով սերմ գնի:

Շիրակի մարզում այս տարի շուրջ 4000 հեկտար պակաս հացահատիկ է մշակվել: Արդեն իսկ նախնական դիտարկմամբ մարզի գլխավոր գյուղատնտեսն ասում է, որ աշնանացանի ցանքատարածությունների աճ կունենան. - «Նախորդ տարվա համեմատությամբ այս տարի աշնանացան ցորենի ցանքատարածությունների աճ կգրանցենք»:

Թե որքան հացահատիկ է ամբարվել մարզում այս տարի դեռ վերջնական տվյալներ չկան, քանի որ բերքահավաքը դեռ չի ավարտվել: Ամեն դեպքում նախորդ տարիների համեմատ բերքատվությունն ավելին է:

Սուբսիդավորման ծրագիր՝ հացահատիկի կրճատված ցանքատարածությունները վերականգնելու համար
please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG