Մատչելիության հղումներ

Պաշտոնապես նույնականացվել է յոթ ռազմագերի, սակայն «այդ թիվը կարող է ավելի մեծ լինել»


ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, արխիվ։
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, արխիվ։

Հայ գերիների վերաբերյալ վերջին տվյալները պաշտոնական Երևանը հրապարակել է երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Հայաստանի դեսպան Մհեր Մարգարյանը հայտարարել է, որ առնվազն 7 ռազմագերի է նույնականացվել՝ չբացառելով, որ այս թիվը կարող է ավելի մեծ լինել:

Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) գերիների ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Զելնալյանի խոսքով, ըստ իրենց ուսումնասիրությունների, վերջին ռազմական գործողությունների հետևանքով գերեվարվածների թիվը հասնում է երկու տասնյակի. - «Այս պահի դրությամբ մոտավորապես քսան ռազմագերու շուրջ են պտտվում այս թվերը՝ ավելանալու-պակասելու միտումով։ Բնականաբար, կա'մ տեսանյութերի վերլուծության արդյունքում ենք հանգել այս եզրակացության, մենք կամ ընտանիքի անդամները, կա'մ վիրավորված, հետ վերադարձած զինծառայողների վկայության արդյունքում»։

Երկու օր առաջ էր Բաքուն հայտարարել, թե պատրաստ է շուրջ 100 զինծառայողի մարմին հանձնել հայկական կողմին։ Ո՛չ կառավարությունից և ո՛չ էլ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից մեզ չհաջողվեց տեղեկություններ ստանալ՝ արդյո՞ք մեկնարկել է այս գործընթացը։ Վարչապետ Փաշինյանը ավելի վաղ խորհրդարանում Ադրբեջանի առաջարկը «քարոզչական թեզ» էր որակել։

Իսկ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին այսօր միայն ասաց, որ շարունակում են կողմերի հետ աշխատել, չեն դադարում նաև ծնողների դիմումները, որոնք տելեգրամյան տարբեր աիքներում կամ ճանաչել են իրենց զինծառայողներին, կամ նմանեցրել. - «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմերում աշխատում է այս հարցում պարզաբանումներ տալու ուղղությամբ, տեղեկատվությունը փոխանցում ենք մյուս կողմին մեր պատվիրակության միջոցով Բաքվում։ Եվ այս պահի դրությամբ որևէ լուր չունենք կապված հաստատումների հետ։ Մարդիկ փորձում են, տարբեր նյութերից տեսնելով կամ կասկածելով, որ ճանաչում են իրենց հարազատին, անմիջապես գալ և փորձել պարզաբանել, թե արդյոք դա իրենց հարազատն է թե չէ։ Այսինքն՝ ասել որքանո՞վ հաստատված են էդ տվյալները և համապատասխանո՞ւմ են իրականությանը, դժվար է։ Բոլոր այդ տվյալները մենք վերցնում ենք և գրանցում, և դրանք հիմնական մեր բազան են, որով մենք առաջնորդվում ենք այդ տվյալները ճշգրտելով»։

Առհասարակ պաշտոնական տեղեկություն չի տրամադրվում նաև անհետ կորածների վերաբերյալ։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ նաև գերեվարված անձանց վերաբերյալ արդեն դիմումներ են ներկայացրել Եվրոպական դատարան. - «Եվրոպական դատարան արդեն իսկ ներկայացրել ենք մի քանի իրար համալրող դիմումներ երկու օրվա ընթացքում՝ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ Ստացել ենք արդեն պատասխանները, և հատկապես խոսքը վերաբերում է գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը, ինչպես նաև էս պահի դրությամբ հավաքագրվում է մնացած ավելի լայնամասշտաբ հասցված վնասի հետ կապված ապացույցները»։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը նաև հայտարարում է, որ գերիների վերաբերյալ իրենց ուսումնասիրած տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին՝ նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների ու առողջական վիճակի մասին։

Հայտարարությունում նշվում է նաև, որ ՄԻԵԴ-ը հարցման պատասխանը ստանալու համար Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 22-ը ժամանակ է տվել։

XS
SM
MD
LG