Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Ուզբեկստանում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ Ալիևը նշել է, թե Ադրբեջանը մշտապես աջակցում է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների գերակայության ապահովմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը լինելով Չմիավորման շարժման նախագահը 2019 թվականից՝ շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։
Չինացի գործընկերոջ հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահն ասել է, որ տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է և պետք է խստորեն պահպանվի, հայտնում է ԱՊԱ-ն։
Հաղորդման համաձայն՝ հանդիպման ընթացքում Ալիևը նշել է, որ Ադրբեջանը լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ է իրականացնում «օկուպացիայից ազատագրված» տարածքներում և այդ աշխատանքներին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև մի շարք չինական ընկերություններ։
Ալիևը նշել է, թե Բաքուն աջակցում է չինական ընկերությունների ավելի ակտիվ մասնակցությանն այդ նախագծերում։