Արվեստների փառատոների եվրոպական ասոցիացիան, որի անդամ է 2007 թվականից նաև «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, հիմնադրման 70-ամյակը նշում է Երևանում՝ եռօրյա գագաթնաժողովի շրջանակում համախմբելով ավելի քան 45 երկրների արվեստագետների, հեղինակավոր փառատոների ղեկավարների, արվեստաբանների, երաժիշտների և այլոց։
Գագաթնաժողովն անցկացվում է սեպտեմբերի 12-15-ը Երևանում։ Այն կազմակերպել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, որի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանն այսօր Մատենադարանի դահլիժում հրավիրված ասուլիսին ընդգծում էր. - «Էս կազմակերպությունը շատ մեծ առաքելություն ունի, որովհետև մշակույթը դա էն ուժն է, որը կարա ցանկացած բարիեր հաղթահարի, դա հզորագույն ուժ է։ Եվ էսօրվա մարդկության հեռանկարները մշակույթի հետ է կապված։ Դրա համար մենք շատ ուրախ ենք, որ Եվրամիության փառատոնային ասոցիացիայի մեջ մենք էլ մեր գույնն ենք բերում, ուրույն գույնը։ Եվ լավ է, որ Հայաստանը դեռ էդ ճանապարհի վրա է»։
Փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքով, գագաթնաժողովի բացումն այս երեկո կնշանավորվի Արամ Խաչատրյան համերգասրահում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կայանալիք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգով։ Ի դեպ, այս տարի արդեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրած «Արմենիա» փառատոնը ևս դարձել է այս ասոցիացիայի անդամ։
Եռօրյա գագաթնաժողովի ընթացքում նախատեսված են մի շարք ուշագրավ ծրագրեր և թեմատիկ քննարկումներ, որոնք կնշանավորեն Եվրոպական փառատոնային ասոցիացիայի գործունեության հիմնական ուղենիշերը հաջորջդ տասնամյակում։ Գագաթնաժողի պատվիրակները կայցելեն թանգարաններ, կունկնդրեն համերգներ, կհանդիպեն հայ արվեստագետների և երաժիշտների հետ։
«Մենք 2000-ին հիմնեցինք պարոն Ռոստոմյանի հետ։ Պարտիզանական տարիներ էր, որ ամեն ինչ անում էինք անձամբ՝ փողոցում աֆիշաները կպցնում, աշխատակազմ չունեինք։ Օգնող չկար, բայց էնտուզիազմը, գաղափարը շատ հզոր էր։ Մինչև 2007 թիվը էդպես... Բայց էդ տարիներին մենք Հայաստան հրավիրեցինք, միանգամից հենց, գաղափարախոսությունը ամենաբարձր պլանկայով ստեղծելն էր, Բաշմետ, Կրեմեր... Երբ որ մենք դիմեցինք անդամ դառնալու համար, իրենք տեսան ծրագիրը, ասին՝ սա Հայաստանո՞ւմ է... Ստացանք նամակը, որ մենք կարող ենք լիիրավ անդամ դառնալ։ Դա իհարկե նոր էջ բացեց, մենք ունեցանք աթոռ Բրյուսելում, մենք մասնակցում էինք, մշակութային դիվանագիտության մեծ նվաճումներից իրականում», - նշեց Սոնա Հովհաննիսյանը։
Արվեստների փառատոների Եվրոպական ասոցիացիայի նախագահ Յան Պրիերսն ընդծեց, որ 100 հոգուց բաղկացած իրենց պատվիրակությունը կարող էր ավելի մեծ լինել, եթե չլինեին որոշակի ֆինանսական խնդիրներ, որոնք այսօր ծագել են աշխարհի առջև։ Բայց իրենք շատ ուրախ են, որ հնարավորություն է ստեղծվել Երևանում նշել հիմնադրման 70-ամյակը, հինավուրց մշակույթ ունեցող երկրի մայրաքաղաքում, որտեղ փառատոները շատ մեծ դեր կարող են խաղալ երկրի ոչ միայն մշակութային, այլև տնտեսական զարգացման համար։ Իրենք գագաթնաժողովի մեկնարկից առաջ են եկել Հայաստան, հասցրել են շրջել մայրաքաղաքի լավագույն թանգարաններում, իրենց հետ եկել են նաև եվրոպական մի շարք քաղաքների փոխքաղաքապետեր, որոնք իրենց լուրջ նպաստը կարող են բերել փառատոնային գործունեության զարգացմանը հետագա տարիներին։
«Իրենց ծախսով ժամանել են Հայաստան, իրենց ծախսով հյուրանոցներն են մնում։ Մենք միայն ապահովում ենք իրենց ամենօրյա կեցություն, դահլիճներ։ Այսինքն՝ դա իրենց բյուջեով է արվում։ Էստեղ համագործակցություն է, էստեղ ստատուս է, էստեղ բաց դռներ են, որ մենք մեր ձայնը Հայաստանի կարող ենք բարձրաձայնել Եվրոպայի մշակութային քաղաքականության թեմանով», - ասաց Սոնա Հովհաննիսյանը։
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, ամփոփելով հանդիպումը լրագրողների հետ, ընդգծեց. - «Փառատոնը դա կոնցեպցիա ա, մտածողություն ա։ Սկզբից փոքր, կամերային, աճես... Տասից ավելի մենակ աշխարհահռչակ մեծ նվագախմբեր են էկել Հայաստան։ Հետո ջազի, հետո պոպի, հետո ակադեմիայի ստեղծումը։ Հիմա էս քայլը, որը շատ մեծ քայլ ա, դուք շատ կուրախանաք՝ մեծ դահլիճը կառուցվեց ակադեմիան, սիմֆոնիկ նվագախմբի... մոտ յոթ-ութ հարյուր տեղ բացօթյա։ Այսինքն՝ ինքը կոնցեպցիա ունի հետևողական, դրած խնդիրները, որին ինքը հասնում ա։ Մենք ճանապարհ ենք բացել, էդ ա խնդիրը։ Սա մի հատ մեծ սիմֆոնիայի ստեղծում է, որն անհավանական էր։ Այ դա էր կոնցեպցիան, որ դնում ես իդեա-հեքիաթ և հեքիաթը սարքում ես իրականություն։ Էսօրվա էս քայլը, որ էս համաժողովը, սա շատ մեծ, հզոր քայլ ա Հայաստանի համար, գովազդ ա ամբողջ աշխարհի համար։ Նաև հզոր ուժ ա»։