Մատչելիության հղումներ

Հատկապես մարզերում բնակվող երեխաներին պետք է հաճախ մատուցել ներկայացումներ, դասական երաժշտության համերգներ. Ռուբեն Բաբայան


Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն իր ուրույն խաղացանկով մշտապես նորանոր անակնկալներ է մատուցում ոչ միայն մանկահասակներին, այլև մեծահասակներին՝ ներկայացնելով չափազանց ուշագրավ ներկայացումներ ոչ միայն մայրաքաղաքում, այլև Արցախում և սահմանամերձ մարզերում։ Թատրոնն այսօրվանից սկսում է հերթական թատերաշրջանը:

«Մենք հասցրեցինք նաև օգոստոսին՝ մեր արձակուրդի ժամանակ մեկնել Սյունիքի Խնածախ գյուղ, որտեղ դպրոցում խաղացինք ներկայացում, և այն դիտեցին Խնածախի ու Քարաշենի երեխաները: Ասեմ, որ մեր այդ այցելությունը կազմակերպել էր մի հրաշալի կազմակերպություն, որը կոչվում է «Ճանաչենք, սիրենք, շենացնենք մեր գյուղերը»: Նրանք արդեն երկար տարիներ մեր գյուղերի դպրոցներում, մանկապարտեզներում իրականցնում են վերանորոգման աշխատանքներ: Այս տարի մենք իրենց հետ եղել ենք Արմավիր Գյուղում՝ Թուրքիայի սահմանին, սահմանամերձ գյուղ, այդտեղ իրենք ևս մեծ աշխատանքներ էին կատարել», - նշեց թատրոնի երկարամյա ղեկավար, անվանի ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

«Սա երեխաների ընկալումով հրաշք է, որովհետև երեխաները երևի 99 տոկոսով առաջին անգամ են տեսնում, շփվում թատրոնի արվեստի հետ: Մի քիչ աչքից դուրս գյուղեր են, որը շատ վատ է, որովհետև բոլոր դեպքերում, կարծում եմ, երկիրը կառուցվում է սահմաններից: Հաճախ մենք երբ ասում ենք՝ ամուր սահմաններ, նկատի ունենք միայն ռազմական առումով պաշտպանվածությունը, բայց իրականում բարեկեցիկ կյանքը, լիակատար կյանքը, որպեսզի որևէ մեկը սահմանում ապրող, իրեն ուշադրությունից դուրս չզգա», - ընդգծեց նա:

Տիկնիկային թատրոնը Հայաստանում գործող այն մի քանի թատրոններից է, որը մշտապես մասնակցում է նաև միջազգային ամենատարբեր փառատոնների և մշտապես վերադառնում այս կամ այն մրցանակով։ Այս տարի էլ արդեն հասցրել են փառատոնների մասնակցել Իրանում, Միացյալ նահանգներում, Ռուսաստանում և մինչև տարեվերջ դեռ պիտի մեկնեն հյուրախաղերի տարբեր երկրներ, բայց Ռուբեն Բաբայանն ընդգծում է. «Գյուղեր, մարզեր գնալը ոչ պակաս կարևոր է, եթե ոչ ավելի: Մենք այս տարի արդեն եղել ենք Արմավիրում, Հանքավանում, Սևանում, գնացինք Սյունիք: Հիմա շատ ակտիվ աշխատանքներ են գնում, պատրաստում ենք երեք նոր ներկայացում, մինչև տարվա վերջ պետք է արդեն առաջնախաղը տեղի ունենա»:

Ռուբեն Բաբայանը համոզված է՝ երեխաներին, հատկապես մարզերում բնակվող երեխաներին, ովքեր մեծ հնարավորություններ չունեն շփվել բարձրավեստ մշակույթի հետ, պետք է հաճախ մատուցել ոչ միայն ներկայացումներ, այլ նաև դասական երաժշտության համերգներ։

«Մի քանի անգամ արդեն եղել եմ, ընդ որում, իմ հետ գնացել են նաև դասական երաժշտություն կատարող տարբեր խմբեր, երեխաները հաճույքով այդ ամեն ինչը լսում են, մենք հաճախակի փորձում ենք մեր սեփական անճաշակությունը վերագրել պահանջարկին, դա այդպես չէ: Երեխաները սպունգի պես են, բաց են, ինչով լցնես, դա էլ կմնա», - ընդգծեց Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG