Մատչելիության հղումներ

«Բարեսիրտ, սիրված ու ամենահարգված թագուհու» մահը` անվերադարձ կորուստ. Մեծ Բրիտանիայում սուգ է


«Լոնդոնի կամուրջը փլուզվել է», կոդավորված այս հաղորդագրությամբ նախօրեին Բուքինգհեմյան պալատը Մեծ Բրիտանիայի իշխանություններին պաշտոնապես տեղեկացրեց Միացյալ Թագավորության 96-ամյա թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին։

Երկիրը 70 տարի ղեկավարած թագուհին մահացել է երեկ` օրվա երկրորդ կեսին` Շոտլանդիայի Բալմորալ դղյակում։ Նույն պահին թագավոր է դարձել նրա որդին` Չարլզը, որն այսուհետ Կառլ Երրորդ է։

Մեծ Բրիտանիայի երկարամյա միապետի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը հայտնվեցին երեկ կեսօրից հետո, բժիշկները հայտարարեցին, թե նա պետք է իրենց հսկողության տակ լինի։ Ժամեր անց, ինչպես հայտարարել է թագավորական ընտանիքը, «թագուհին խաղաղ կնքեց իր մահկանացուն»։ Մինչ այդ` վերջին մեկ տարվա ընթացքում, նա առողջական խնդիրներ ուներ, որոնց պատճառով դժվարանում էր քայլել և կանգնել:

Ընդամենը երեք օր առաջ Եղիսաբեթ Երկրորդի կողմից Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում հաստատված Լիզ Թրասը հայտարարել է, որ միապետի մահը «հսկայական ցնցում է բրիտանացիների և աշխարհի համար»՝ թագուհուն անվանելով «այն հիմնաքարը, որի վրա կառուցվել է ժամանակակից Բրիտանիան»։

Նոր թագավորի մասին խոսելիս վարչապետ Թրասն ասել է. «Մեր հավատարմությունն ու նվիրվածությունն ենք առաջարկում նրան այնպես, ինչպես նրա մայրն է տարիներ շարունակ նվիրվել շատերին»:

Անգլիական կամ բրիտանական գահակալներից Վիլհելմ Նվաճողի ժամանակներից ի վեր որևէ մեկը պետությունն այդքան երկար չի ղեկավարել։

Յոթ տասնամյակների ընթացքում Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ականատես է եղել զանգվածային քաղաքական ու սոցիալական փոփոխությունների ինչպես տանը, այնպես էլ դրսում․ Մեծ Բրիտանիան հասցրեց վերականգնվել ավերիչ Երկրորդ աշխարհամարտից, դադարեց լինել կայսրություն, դարձավ Ազգերի համագործակցության անդամ և Արևմուտքի երկրների հետ միասին հաղթանակած դուրս եկավ «սառը» պատերազմից, հետո էլ լքեց Եվրամիությունը։

Նրա գահակալման ժամանակաշրջանում երկրում 15 վարչապետ է փոխվել ՝ 1874 թվականին ծնված Ուինսթոն Չերչիլից մինչև Լիզ Թրաս։

Այսօր Մեծ Բրիտանիայում և Ազգերի համագործակցության երկրներում ապրող բնակիչների մեծ մասը ծնվել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ղեկավարման դարաշրջանում։ Այդ դարաշրջանը մեկնարկել է 1952 թվականին՝ ստանալով Նոր եղիսաբեթյան անունը, այն ավարտվեց երեկ։

Մեծ Բրիտանիայի ամենաերկարակյաց թագուհու մահը տեղի է ունենում երկրում տիրող պայթյունավտանգ իրավիճակում․ «Բրեքզիթի» պատճառով բաժանված հանրություն, համաճարակի պատճառով դժվարությամբ վերականգնվող տնտեսություն, որն էլ նոր մարտահրավերների է բախվել սրընթաց թանկացումների, սոցիալական ցնցումներով սպառնացող էներգակիրների ֆոնին։

Թագուհու մահվան կապակցությամբ Մեծ Բրիտանիայում տասնօրյա սուգ է հայտարարվել, իջեցվել են Բուքինգհեմյան պալատի ու երկրով մեկ ծածանվող բոլոր դրոշները։

Ցավակցական ուղերձներ են հնչում աշխարհի տարբեր երկրների նախկին և ներկա առաջնորդներից։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հիշեցրել է, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի թագուհին իր համերաշխությունը հայտնել ամերիկացի ժողովրդին 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնը նրան անվանել է բարեսիրտ թագուհի և Ֆրանսիայի բարեկամ, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընդգծել է նրա մշտական ներկայությունը կանադացիների կյանքում` հայտարարելով, որ թագուհին աշխարհի ամենահարգված և անձամբ իր սիրելի անձանցից մեկն է։

Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը ևս գովեստի խոսքեր չի խնայել` շեշտելով, որ Եղիսաբեթ 2-րդ թագուհին «իրավամբ վայելում էր իր հպատակների սերն ու հարգանքը», թագուհու մահն էլ անվանել «անվերադարձ կորուստ»:

Թագուհու հպատակները երեկվանից շտապում են իրենց հարգանքի տուրքը մատուցելու․ շատերը չեն թաքցնում հուզմունքն ու արցունքները` Եղիսաբեթ Երկրորդին հիշելով որպես անաչառ առաջնորդի, որն աչքի է ընկել իր քաղաքական անկողմնակալ կեցվածքով, միշտ փորձել է միավորել ժողովրդին։

«Թագուհու աշխատանքն է հանդարտություն ու մշտական ներկայություն», -ասում է ամերկացի լրագրող Էլիզաբեթ Հոլմսը, որը բրիտանական թագավորական ընտանիքի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Նրա խոսքերով` թագուհին միշտ եղել է լուռ ուղերձների անգերազանցելի վարպետ, որոնք հաճախ փոխանցել է, այդ թվում՝ հագուստի միջոցով։ Լոնդոնում 2012 թվականի Օլիմպիական խաղերի բացմանը Եղիսաբեթ II-ը ներկա էր բաց վարդագույն զգեստով։ Դա միակ գույնն էր, որը բացակայում էր Օլիմպիական խաղերին մասնակցած երկրների դրոշներում․ այդկերպ Եղիսաբեթ Երկրորդը ցանկանում էր ընդգծել իր անաչառությունը, որ, չնայած իր բրիտանացի լինելու հանգամանքին, այդ պահին որևէ թիմի նախապատվություն չի տալիս։

Եղիսաբեթ Երկրորդի գործունեությանը հետևած լրագրողները նկատում են, որ երբեք հնարավոր չէր գուշակել նրա իրական դիրքորոշումը այս կամ այն հարցում, այդ թվում «Բրեքզիթի»։ Մինչ օրս հստակ չէ` նա կո՞ղմ էր երկիրը Եվրամիությունից դուրս բերելուն, թե՞ դեմ։ Թագուհին խոսում էր, հավասարակշռված էր, բնական, համոզիչ՝ կարծիք չհայտնելով անգամ գրքերի, ֆիլմերի, ներկայացումների մասին։ Նրա չեզոքությունն ընդգծված էր ամենուր ու բոլոր հարցերում, երբեք չի եղել վիճող խմբերից որևէ մեկի կողմից` համարելով, որ ներկայացնում է յուրաքանչյուր բրիտանացու։

«Հանդարտ ներկայություն»` ձանձրալի աշխատանք, որը, սակայն, իրենից ներկայացնում էր տարեկան միջինում երեք հարյուր ելույթ և տարատեսակ միջոցառումների մասնակցություն, ներառյալ` ավելի քան հարյուր այցեր աշխարհի շուրջ 100 երկիր:

«Բարեսիրտ, սիրված ու ամենահարգված թագուհու» մահը` անվերադարձ կորուստ. Մեծ Բրիտանիայում սուգ է
please wait

No media source currently available

0:00 0:06:55 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG