Լատվիայի Սեյմը հրատապ օրենք է ընդունել Մոսկվայի Պատրիարքարանի Ռուս ուղղափառ եկեղեցուց Լատվիական ուղղափառ եկեղեցու անկախության մասին։ Այն ներկայացրել է երկրի նախագահ Էգիլս Լևիտսը։
«Լատվիայի անկախ, ժողովրդավարական և իրավական պետության մեջ մեր ուղղափառներին անհրաժեշտ է իրենց ինքնուրույն և անկախ եկեղեցին», - ասել է Լատվիայի նախագահը։
Լատվիայի իշխանություններն ավելի վաղ դատապարտել էին Մոսկվայի Պատրիարքարանին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի գործողություններին աջակցելու համար։ Օրերս Լևիտսը հայտարարել էր, որ Ռիգան ցանկանում է բացառել Մոսկվայի Պատրիարքարանի ցանկացած ազդեցություն Լատվիայի եկեղեցու վրա։
Ընդունված փոփոխությունները հաստատում են Լատվիայի Ուղղափառ եկեղեցու լիակատար ինքնուրույն և անկախ կարգավիճակը՝ իր բոլոր թեմերով և հաստատություններով։ Օրենսդրական փոփոխությունները չեն վերաբերում կանոնական խնդիրներին։
Լատվիայի Ուղղափառ եկեղեցին մինչև հոկտեմբերի 31-ը պետք է իր կանոնադրությունը համապատասխանեցնի օրենքի նոր պահանջներին։
Լատվիական Ուղղափառ եկեղեցին Ռուս ուղղափառ եկեղեցու կազմում ինքնակառավարման կարգավիճակ է ստացել 1992 թվականին։