Այսօր լրանում է մեծանուն երաժիշտ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը։ 20-21րդ դարերում հայ երաժիշտներից քչերին է հաջողվել երաժշտական աշխարհում նվաճել այնպիսի բարձունքներ , որոնց հասել է Օհան Դուրյանը որպես ֆենոմենալ, բացառիկ երաժիշտ՝ ղեկավարելով ավելի քան 110 հվագախումբ։։
Իր ստեղծագործական կյանքի ընթացքում աշխարհի լավագույն նվագախմբերը ղեկավարած, միջազգային մեծ համբավ վայելող հանճարեղ դիրիժորը ծնվել է Երուսաղեմում, նախնական կրթությունը ստացել է Նազարեթ քաղաքում՝ գերմանական գիշերօթիկ դպրոցում, որտեղ և սովորել է ֆլեյտա նվագել։ Այնուհետև կրթություն շարունակել է Երուսաղեմի գերմանական Մայր կրթարանում՝ հրաշալի տիրապետելով դաշնամուր և երգեհոն։1939-45 թվականներին կրթությունը շարունակել է Երուսաղեմի կոնսերվատորիայում, ապա Փարիզում և Վիեննայում։
Շատ ուշագրավ է մեծանուն երաժշտի աշխատանքային գործունեությունը։ Բեթղեհեմում նա դասավանդել է անգլերեն, արաբերեն և, իհարկե, երաժշտություն։ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի թարգմանչաց դպրոցում դասավանդել է արաբերեն, ստեղծել է Երուսաղեմի առաջին հայկական երգչախումբը, ղեկավարել է Երուսաղեմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը։ Նախորդ դարի 50-ականների վերջում 35 տարեկան հասակում հանդես գալով եվրոպական բազմաթիվ երկրներում՝ Օհան Դուրյանը բնակության տեղափոխվելով Հայաստան ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որից հետո շուրջ 50 տարի անընդմեջ թե' Հայաստանում, թե' այլ երկրներում, ղեկավարել է ավելի քան 110 սիմֆոնիկ և օպերային նվագախմբեր՝ արժանանալով ամենաբարձր պարգևների ու կոչումների թե' հայրենիքում, թե արտերկրում, այդ թվում՝ Ֆրանսիայի Գրականության և արվեստի ասպետի բարձրագույն կոչմանը։
«Երաժշտությունն իմ աշխարհն է, իմ տարերքը, նվագավարությունը՝ կոչումս։ Երբեք չեմ խնայել ինձ, նվագավարի իմ արվեստը սիրում եմ անսահմանորեն և այն միշտ վեր եմ դասել երկրային, մարդկային բոլոր հաճույքներից», - գրել է մաեստրոն և հավելել. - «Բեմը իմ սրբավայրն է, վերացման վայր, որտեղ աշխատում եմ մտնել հեղինակի ոգեղենացած աշխարհը և աներևույթ կամուրջ դառնալ հեղինակի և ունկնդրի միջև»։
Օհան Դուրյանը բացառիկ արվեստագետ էր ոչ միայն իր երաժշտական հանճարով և ֆենոմենալ հիշողությամբ, այլև իր խիզախ քաղաքացիական գիտակցությամբ ու պահվածքով, որը դրսևորվեց թե' խորհրդային տարիներին, թե' անկախ Հայաստանում՝ պատճառ դառնալով ժամանակի իշխանությունների կողմից բազմաթիվ հալածանքների և հոգեկան տառապանքների։ Բայց նրան ոչինչ չէր կարող երկնչել, նա միշտ ասում էր այն, ինչ մտածում էր. - «Սիրտս արյունոտում է Հայաստանի ժողովրդի վիճակի համար։ Մտավորականն իրավունք չունի ասել ՝ ես մտավորական եմ քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Դա թուլություն է, հանցագործություն։ Հայաստանը կործանվում է, և մենք իրավունք չունենք լռելու»։
Օհան Դուրյանն իր մահկանացուն կնքեց 2011 թվականի հունվարի 6-ին Երևանում։ Նրա աճյունը ամփոփված է Կոմիտասի անվան Պանթեոնում, որտեղ այսօր նրա հիշատակը մեծարեցին նրա ընտանքի անդամները, կառավարության անդամներ, երաժիշտներ և նրա արվեստի երկրպագուներ։
«Ես այն բախտավորներից եմ, որ հնարավորություն է ունեցել, պատիվ է ունեցել 1993 թվականից ճանաչել մաեստրոյին, շփվել, մինչև իր կյանքի վերջին վայրկյանը կամ րոպեն լինել իր հետ։ Ես նաև բախտ եմ ունեցել համաժողովրդական շարժման այդ ամբողջ ճանապարհը անցնել մաեստրոյի հետ։ Եվ ինքը երբևիցե չդավաճանեց այն սկզբունքներին, որոնցով ապրել էր։ Այդ սկզբունքների պատճառով ինքը շատ տուժվել է նախ Խորհրդային Հայաստանում, երբ որ ստիպված էր ուղղակի լքել իր հայրենիքը, հետո մեր անկախ Հայաստանում։ Բայց կարծում եմ, այսօր ամենակարևորը երևի նա է, որ մենք հնարավորություն ունենք պետական մակարդակով նշել մաեստրոյի հարյուրամյակը։ Դրա մասին մենք կարող էինք երազել, բայց իրականություն դարձնելու համար... դժվար էր պատկերացնել, որ կարող եմ ես անել դա, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, կառավարությունը աներ՝ հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և մնացած բոլոր այն մարդկանց, ովքեր այստեղ կանգնած են, ովքեր եղել են համաժողովրդական շարժման մասնակիցներ, մաեստրոյի քաղաքական ընկերներ»։
«Մենք այստեղ ենք, որպեսզի մեր խոնարհումը բերենք վարպետի հանդեպ, հիշենք իրեն, բարձրաձայնենք իր սկզբունքները։ Բացառիկ մեծություն, ով մնալով ամենաբծախնդիր մտավորականը իր մշակույթի ոլորտում՝ նույն բծախնդրությամբ դրսևորվում էր բոլոր պրոցեսներում՝ հասարակական, քաղաքական, ինչը շատ կարևոր է, ինչը, ցավոք սրտի, այսօր շատ հազվադեպ երևույթ է», - ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Անվանի բժիշկ, մաեստրոյի ընտանիքի ամենամտերիմ և ամենամեծ հարազատ, նաև հոբելյանական հանձնաժողովի անդամ Վահան Վարժապետյանը նշեց. - «Մենք ինչպես Օհան Դուրյան ծնող ազգ ենք, այնպես էլ Օհան Դուրյանին տանջող, տառապեցնող կառավարություն հանդուրժող ազգ։ Լավ եմ հիշում, մաեստրոյի թաղման օրը Հովհաննես Չեքիջյանը մի դիպուկ արտահայտություն արեց՝ Օհան Դուրյանի տեղը թափուր է մնալու։ Օհան Դուրյանի տեղը թափուր է մնացել ոչ միայն երաժշտարվեստում, այլ առհասարակ և ամենուր, քանզի անհնար է միաժամանակ մարմնավորել մեծ քաղաքացու, աշխարհաքաղաքացու, մտավորականի, բացառիկ հանճարեղ արվեստագետի։ Անհնար է պարփակել մեկտեղ, մեկ անձի և մեկ հոգու մեջ այնքան բարձրագույն որակներ, որպիսիք են կատարելությունը, պրոֆեսիոնալիզմը, անկրկնելիությունը»։
«Ասել, որ մաեստրոն մեծանուն արվեստագետ էր, նշանակում է ոչինչ չասել նրա մասին», - համոզված է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։ - «Իմ կարծիքով, նա ունիկալ էր, բացառիկ էր, բացառիկ էր իր հիշողությամբ, բացառիկ էր երաժշտության իր իմացությամբ, բացառիկ էր քաղաքացիական իր խիզախումներով, բացառիկ էր իր մանկական անմիջականությամբ։ Այդ անմիջականությանը շատերը ուղղակի չէին դիմանում։ Բացառիկ էր աշխարհի հանդեպ բաց լինելով և աշխարհում ինտեգրված լինելով երաժշտական պրոցեսների մեջ։ Ահա այսօր մենք նրա հարյուրամյակն ենք տոնում, և ես կուզենամ, որ հարյուրամյակը լինի ոչ միայն նրա հիշատակի հանդեպ մեր հարգանքի դրսևորում, այլև ուղերձ, որ մենք ավելի ուշադիր լինենք մեր մեծանուն արվեստագետների հանդեպ։ Մեր իրականության մեջ, չգիտես ինչու, մեր մեծերը, մեր արժեքները մի փոքր նեղացած են հեռանում մեզնից, մի փոքր չգնահատված, մի փոքր չիմաստավորված։ Եվ թող Օհան Դուրյանի հարյուրամյա հոբելյանը լինի հրամայական մեզ համար, որ մենք ավելի ուշադիր լինենք մեզ հետ մեր ժամանակներում ապրող արժեքների հանդեպ և մեծանուն անվեստագետների հանդեպ»։
Այսօրվանից մեկնարկում են Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնցից առաջինը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգն է Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում։
Էդվարդ Թոփչյանը ժամանակին վեց ամիս ուսանել է մաեստրոյի մոտ և այսօր վերհիշում էր. - «Հենց նստում էր, ասում էր՝ Է՜, դիրիժորներ կան, ում գլուխն է պարտիտուրայի մեջ, կան նրանք, ով պարտիտուրան է գլխին մեջ, դու պիտի փորձես էդպիսին լինել։ Ու ես փորձեցի իր այդ սկզբունքայնությունը, իր վերաբերմունքը ամեն նոտայի նկատմամբ... ամենակարևորը, որ ես Դուրյանից սովորեցի դա այն է, թե ինչ է պետք իսկական դիրիժոր դառնալու համար»։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօրվանից մեկնակրող իր համերգաշրջանը նվիրում է ՕհանԴուրյանի հիշատակին։