Երեկ պաշտոնական Վաշինգտոնը Կրեմլին կոչ է արել դադարեցնել «ֆիլտրման» պրակտիկան Ուկրաինայում և ուկրաինացիների ցուցակներ կազմելը, որոնց հրամայված է տեղափոխվել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանթ Պատելը լրագրողներին ասել է. - «Միացյալ Նահանգները տեղեկություններ ունի, որ ֆիլտրման գործողությունները վերահսկվում և համակարգվում են Ռուսաստանի նախագահի վարչակազմի (անձանց) կողմից»։ «Մենք Ռուսաստանից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ֆիլտրման այս գործողությունները», - հայտարարել է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ուկրաինայում «ֆիլտրման ճամբարներ» ստեղծելու վերաբերյալ մեղադրանքներին Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հակադարձել է, որ դրանք չեն համապատասխանում փաստերին և իրականությանը: Նրա խոսքով՝ Ռուսաստան ժամանող ուկրաինացիները Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներ են և գրանցման ընթացակարգ են անցնում, ոչ թե ֆիլտրում:
Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին էլ երեկ ասել է. - «Ժամանակն է, որ արևմտյան երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկեն Ուկրաինայի իրական խնդիրները, օրինակ՝ Կիևին զենք մատակարարելը, այլ ոչ թե «ֆիլտրման ճամբարների» վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հորինված մեղադրանքները»։