«Այսօր հայ ժողովուրդը և մեր հանրությունը պատանդ է ուղղակի ընկել այս քաղաքական իշխանություն-ընդդիմություն սիմբիոզի ճիրանների մեջ», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Այդ «սիմբիոզը», ըստ Զուրաբյանի, հիմնված է «փոխադարձ շահերի վրա». - «Ես չեմ էլ ասում, որ պայմանավորվածություն կա, շատերի մոտ էդ տպավորությունը կա, որ ինչ-որ պայմանավորվածություն կա, և այլն, բայց դա պայմանավորվածություն չի: Ուղղակի Ռոբերտ Քոչարյանի թիմին հաճելի է տեսնել որպես իշխանություն մի անընդունակ, անմեղսունակ, անկարող իշխանություն, որի ֆոնի վրա իրենց թալանի մասին խոսակցությունները արժեզրկվում են, իսկ Նիկոլ Փաշինյանին շատ հաճելի է տեսնել որպես գլխավոր ընդդիմադիր և մարտահրավեր նետող մի իշխանություն, որը այնքան վարկաբեկված է իր թալանի համար և այնքան ատելություն ունի հայ ժողովրդի, հանրության մեջ, որ միշտ վճռական պահերին, ճգնաժամային պահերին, ներքին քաղաքական ճգնաժամերում, ինչը ապացուցեցին նաև ամառվա իրադարձությունները, հենց որ հարցը հասնում է, որ՝ «հա, Նիկոլը վատն ա, բայց թողենք սրանք գա՞ն՝ էս թալանչիները, էս, մենք գիտենք՝ ինչ են արել, քսան տարի թալանել են, նվաստացրել են, և այլն, չէ, ավելի լավ ա թող, ինչքան էլ սա անմեղսունակ ա, անգրագետ ա, ինչքան էլ որ չի տիրապետում պետական կառավարմանը, ավելի լավ ա դա մնա, քան թե էս թալանչիները հետ գան»:
«Էս սխեման երկուսի համար շատ հաճելի է, երկուսի համար ապահովում է իրենց քաղաքական գոյությունը, այդ գոյության երկարաձգումը», - ընդգծեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած կուսակցության փոխնախագահը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.