Սեպտեմբերի 8-ին լրանում է մեծանուն երաժիշտ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որը կնշանավորվի նույն օրը Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որով կազդարարվի նաև նվագախմբի 97-րդ համերգաշրջանի բացումը, նաև Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի բացումը, որը տարիներ շարունակ նախաձեռնում է նվագախումբը։
«Ազատության» հետ զրույցում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երկարմյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանն ասաց. - «Ձգտել ենք, որ շատ լավ համերգաշրջան լինի։ Արդեն մենք ունենք հնարավորություններ, կարողանում ենք պլանավորել ամբողջ տարին։ Մենք հիմա արդեն կկարողանանք հայտարարենք մեր ամբողջ մեկ տարվա ծրագիրը և նույնիսկ շուտով՝ հաջորդ տարվանն էլ։ Որովհետև ֆինանսական դժվարությունները մեզ թույլ չէին տալիս այս բանը անել, որ շատ կարևոր է։ Լավ արտիստներ միշտ ունեցել ենք, շատ մեծ դիրիժորներ ունենք էս տարի, և ունենք շատ հրավիրյալ դիրիժորներ, ինչը որ ես միշտ կարևորել եմ։ Եվ իհարկե, մեր կարգախոսը չի փոխվում, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ շատ-շատ լավ նվագենք»։
«Ազատություն». - Իսկ ամսի 8-ի համերգի հետ կապված ինչ կասեք։
Թոփչյան. - Ամսի 8-ի համերգը, նույնիսկ համերգաշարը մենք նվիրում ենք մաեստրո Դուրյանի հարյուրամյակին։ Գիտեք, որ կիսանդրին պիտի բացվի։ Ամեն առիթով մենք էստեղ կանդրադառնանք, քանի որ Դուրյանը, կարծում եմ, ամենամեծ հայ դիրիժորն է։ Եվ բացի դրանից, ես էլ բախտ եմ ունեցել իրենից վեց ամիս սովորել, նաև միշտ շփվել եմ հետը։ Դա շատ կարևոր էր ինձ համար, ինքն էլ, կարծես թե, ինձ նորմալ էր վերաբերվում, որ միշտ մոտ էր թողնում։ Եվ շատ հետաքրքիր նախաձեռնություն ունենք. Վահան Վարդապետյան բժշկին բոլորը գիտեր, որը Օհան Դուրյանի մեծ երկրպագուն էր, ոչ միայն երկրպագուն, ուղղակի ամեն ինչը, Դուրյանի ամենամտերիմը։ Եվ ինքը մի գաղափար տվեց, որ իմ դուրը եկավ։ Մենք փորձելու ենք դա հիմա կիրառենք։ Ինչու եմ ասում փորձելու ենք, որովհետև իհակե կիրառենք, բայց մենք ինքներս դեռ մինչև վերջ չենք պատկերացնում ինչպես։ Օհան Դուրյանի տեսաժապավեն կա, որտեղ ինքը իր իսկ ձայնագրության տակ ղեկավարում է Իններորդ սիմֆոնիան Բեթհովենի, և ուզում ենք այդ տեսաժապավենով երրորդ մասը իր հետ նվագել այդ օրը։ Կարծում եմ, դա պետք է ստացվի։ Օհան Դուրյանի ծննդյան օրն է ամսի 8-ը, և այդ միջոցառումների բացումն է։
«Ազատություն». - Իսկ ձեր փառատոնը համընկնո՞ւմ է։
Թոփչյան. - Նույնպես փառատոնի բացումն է, սեզոնի բացումն է... Ուղղակի մենք կարևորում ենք ավելի էս բոլոր առիթների մեջ Օհան Դուրյանի հարյուրամյակը։ Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 30-ը։ Դրանից անմիջապես հետո ունենք ֆանտաստիկ համերգ Չարլզ Դուդուայի հետ, որը աշխարհի ամենա-ամենա-ամենա համար մեկ դիրիժորներից մեկն է։
«Ազատություն». - Ո՞րն է ի վերջո ձեր գերագույն նպատակը։
Թոփչյան. - Ֆիլհարմոնիկը աշխարհին հասցնելը կատարողական որակով, կատարողական վարպետությամբ առաջին հերթին։ Որ բոլորը ընդունեն, որ մենք մեկ օր հավասար ենք իրենց լավագույն նվագախմբերին։ Իմ ձգտումը դա է, որ ամեն համերգը, օրինակ, Բեռլինի ֆիլհարմոնիկի նման մեծ երաժշտական իրադարձություն լինի»։