Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում երեկ ամենամյա պատարագ է տեղի ունեցել: Արդեն 10-րդ անգամ ավանդաբար մատուցվող պատարագը առաջնորդել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ երկրորդ Մաշալյանը:
Համավարակի պատճառով երկու տարի պատարագն առանց հավատացյալների մասնակցության էր անցկացվում, բայց այս տարի հարյուրավոր ուխտավորներ Ստամբուլից, Հայաստանից ու արտերկրից մասնակցել են արարողությանը:
Արարողության ժամանակ Մաշալյան պատրիարքը հատուկ շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին և Վանի նահանգապետ Օզան Բալջըին միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար:
«Խաղաղության և բարօրության մեջ անցկացրեցինք մեր պաշտամունքը: Երախտապարտ ենք պաշտոնյաներին այս հնարավորության ընձեռման համար: Հուսով ենք, որ այսօրինակ միասնականությունը կնպաստի Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների դրական զարգացմանը:
Իսկապես, մեր ժողովուրդները կիսում են այս աշխարհագրությունը: 1000-ամյա համատեղ անցյալ ունենք: Մենք այսօր աղոթել ենք երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ համակեցության և Կովկասի՝ խաղաղության տարածաշրջանի վերածվելու համար»,- իր խոսքում նշել է Պոլսո Հայոց պատրիարքը:
95 տարի դադարից հետո` 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում, սակայն 2015-2017 թվականներին քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների առնչությամբ Թուրքիայի իշխանությունները պատարագների անցկացումը չէին արտոնել։ Եռամյա ընդմիջումից հետո՝ 2018-ին, եկեղեցում կրկին պատարագ էր տեղի ունեցել։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 մլն լիրա էր ծախսվել: