Ընդամենը մի քանի օր առաջ ավարտված «Սիմֆոնիկ Երևան» երաժշտական փառատոնին կհաջորդի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեկ այլ՝ այս անգամ «Արմենիա» միջազգային երաժշտական 6-րդ փառատոնը, որը կմեկնարկի սեպտեմբերի 3-ին՝ ազդարարելով նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 17-րդ համերգաշրջանի բացումը։
Ինչպես նախորդ համերգաշրջանների ընթացքում, այս համերգաշրջանին ևս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեր երաժշտասեր հանրությանը կներկայացնի ոչ միայն համերգային երեկոներ, այլև ամենատարբեր նախագծեր, կրթական ծրագրեր, փառատոներ միջազգային հեղինակավոր երաժիշտ կատարողներ և դիրիժորների մասնակցությամբ, որոնք նաև վարպետության դասեր կանցկացնեն երիտասարդ երաժիշտների համար։
Իսկ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկող «Արմենիա» փառատոնի բացմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Գոթյե Կապյուսոնը։ Համերգի ընթացքում կհնչեն Սեն-Սանսի Թավջութակի կոնցերտը, Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտը, նաև Բորոդինի և Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները։
Ինչպես փառատոնի մեկնարկին հրավիրված ճեպազարույցի ընթացքում ընդգծում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախամբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը. - «Գոթյեի հետ շատ սերտ համագործակցում ենք։ Կարծում եմ, իր նման սոլիստի [մասնակցությունը] բացման գալա-համերգին շատ կարևոր է, միջազգային լիիրավ, մեծագույն հաջողություն, և մեծ ակնկալիք ունենք մեր համերգից։ Եվ իսկապես, ունենք փայլուն արտիստներ, կոլեգաներ, որոնք որ կգան, և «Արմենիա» միջազգային փառատոնը մեկնարկում է, և շատ կարևոր է, որ այս տոնական տրամադրությունը կարող ենք փոխանցել։ Շատ ուրախ են, շնորհակալ եմ, որ Գոթյեն համաձայնեց և եկավ Հայաստան»։
«Մի քանի օր առաջ ավարտվեց «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը», - շարունակեց Սմբատյանը։ - «Կարծում եմ, որ փառատոնային մշակույթը շատ կարևոր է մեր քաղաքի համար։ Քաղաքը պետք է ունենա իր փառատոնը, իր տեսակի փառատոնը։ Իսկ «Արմենիա» փառատոնը հատուկ առաջին իսկ օրվանից որոշել ենք, որ պետք է լինի սեպտեմբեր ամսին, որովհետև տուրիստները, որոնք գալիս են Հայաստան, մենք շատ ենք սիրում հյուրերին, բայց նաև միշտ պատկերացրել ենք, որ մեր երկրի մշակույթի օրակարգը այն է, որ նաև պետք է ոչ թե սպասենք, որ մարդիկ հիանան նրանով, ինչը որ մենք արդեն գիտենք, որ ունենք, այլ նաև մշակույթով, երաժշտությամբ»։
21-րդ դարի լավագույն թավջութակահարներից Գոփյե Կապյուսոնն էլ ասաց, որ շատ ուրախ է արդեն երկրորդ անգամ Հայաստանում գտնվելու և սիմֆոնիկ նվագախմբի հետ հրաշալի համագործակցության համար, հատկապես համավարակային այս պարտադրված դադարից հետո։ Իսկ սեպտեմբերի 3-ին կայանալիք համերգն իր համար նշանավորվում է նաև այն բանով, որ այս օրն իր ծննդյան օրն է, և ինքը շատ ուրախ է, որ իր ծննդյան օրը Հայաստանում համերգով է հանդես գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
«Բովանդակային իմաստով շատ հարուստ փառատոն է։ Մեկնարկում ենք սեպտեմբերի 3-ին, կավարտենք հոկտեմբերի 8-ին Միշա Մայսկիի համերգով։ Դրա համար կարծում եմ, որ խոսում ենք լիիրավ միջազգային հաջողության մասին։ Շատ սիրով բոլորին հրավիրում ենք մեր համերգներին», - եզրափակեց Սերգեյ Սմբատյանը։