Մատչելիության հղումներ

Իրանական անօդաչուներից Մոսկվայում այնքան էլ գոհ չեն, պնդում է արևմտյան մամուլը


Իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր, արխիվ
Իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր, արխիվ

«Իրանական արտադրության անօդաչու հարվածային սարքերի առաջին խմբաքանակն արդեն Ռուսաստանում է, սակայն Մոսկվայում մատակարարված սպառազինության որակից այնքան էլ գոհ չեն», - պնդում է արևմտյան մամուլը։

«Իրանական դրոնների մատակարարումը կարող է լուրջ լիցք հաղորդել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում վարվող ռազմական գործողություններին։ Մի շարք տեխնիկական խնդիրները, այդուհանդերձ, ստվերել են դրոնների առաքման փաստը», - գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների և դաշնակից պետությունների անվտանգության ծառայությունների աշխատակիցներից մի քանիսին։ Նրանց պնդմամբ` իրանական արտադրության դրոնների առաջին խմբաքանակի փորձարկումների ժամանակ ռուսական կողմը շարունակաբար տեխնիկական խնդիրների է բախվել։ Ամերիկյան պարբերականը մեջբերում է իրանական դրոնների մատակարարմանը ուշի ուշով հետևեող դաշնակից պետություններից մեկի ներկայացուցչի խոսքերը, որը պնդել է, թե անօդաչուների կառավարման համակարգերում մի շարք թերություններ են ի հայտ եկել, և «ռուսները դժգոհ են»։

The New York Times-ի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերի միջոցով մի քանի օր շարունակ Իրանի ռազմական օդանավակայաններից սկսել են տեղափոխել Ռուսաստան։ Դրանից հետո մեկնարկել է դրանց փորձարկման փուլը, որը, սակայն, ռուսների մոտ զգալի հիասթափություն է առաջացրել, պնդում է թերթը։

«Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Ռուսաստան առաքված իրանական արտադրության առաջին անօդաչու թռչող սարքերը թե՛ մեխանիկական և թե՛ տեխնիկական թերություններ ունեն», - գրում է The New York Times-ը։

Հետախուզական փակ տվյալների վրա հիմնվելով՝ իրանական դրոնների որակի հետ կապված խնդիրները հաստատում են նաև Reuters-ի զրուցակիցները՝ նշելով, որ հայտնաբերված թերությունները ոչ թե հատուկենտ են, այլ` բազմաթիվ։

The New York Times-ի տեղեկություններով` Իրանը ռուսական կողմին է մատակարարում երկու տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ Mohajer-6 և Shahed։

«Mohajer-6-ը նախատեսված է հետախուզության համար, իսկ Shahed-ը, դատելով տեղական մամուլում իրանցի զինվորականների հնչեցրած հայտարարություններից, Թեհրանի արտադրած դրոնների շարքում ամենահզորն է», - գրում է ամերիկյան պարբերականը։

Նույն թերթի փոխանցմամբ՝ ռուսաստանցի զինվորականներն արդեն իսկ մասնակցում են Իրանի տարածքում անցկացվող դրոնների կառավարման վարժանքներին։

The New York Times-ն ընդգծում է, այդուհանդերձ, որ անգամ Ռուսաստան առաքված դրոններում արձանագրված թերությունները չեն նսեմացնում այն հանգամանքը, որ Իրանը անօդաչու սարքերի արտադրության գրեթե 40-ամյա փորձ ունի։

Թեհրանը հարվածային դրոններ է մատակարարում Լիբանանում, Գազայում, Եմենում, Իրաքում և Սիրիայում գործող իրանամետ խմբավորումներին։ Վերջին տարիներին հայտնի է դարձել նաև իրանական դրոնների՝ տարբեր երկրներ վաճառքի մասին։ The New York Times-ի տեղեկություններով` իրանական դրոնները գնել են Եթովպիան, Վենեսուելան, Սուդանը, իսկ Տաջիկստանում Թեհրանը նույնիսկ անօդաչուների համատեղ արտադրությամբ զբաղվող գործարան է ստեղծել։

Ռուսաստանը, սակայն, շարունակում է հերքել իր կողմից իրանական անօդաչուների գնման փաստը։

XS
SM
MD
LG