Մատչելիության հղումներ

Գերմանիայի ԶՈՒ հրամանատարը զգուշացնում է՝ Արևմուտքը չպետք է թերագնահատի Ռուսաստանի ռազմական կարողությունը


Գերմանիայի զինված ուժերի հրամանատար Էբերհարդ Ցորն, արխիվ
Գերմանիայի զինված ուժերի հրամանատար Էբերհարդ Ցորն, արխիվ

Գերմանիայի զինված ուժերի հրամանատարը զգուշացրել է՝ Արևմուտքը չպետք է թերագնահատի Ռուսաստանի ռազմական կարողությունը, նշելով, որ Մոսկվան ի վիճակի է երկրորդ ճակատ բացել, եթե նման որոշում կայացնի։

«Ռուսական ցամաքային ուժերի մի զգալի հատված այս պահին կարող է խրված է Ուկրաինայում, բայց, չնայած դրան, չպետք է թերագնահատենք ռուսական ցամաքային ուժերի կարողությունը՝ բացելու պատերազմի երկրորդ թատերաբեմ»,- Reuters-ի հետ զրույցում ասել է չորսաստղանի գեներալ Էբերհարդ Ցորնը։

Նա հիշեցրել է, որ ցամաքային ուժերից զատ Կրեմլը տիրապետում է օդային և ծովային ռազմուժի զգալի կարողությունների։ «Ռուսական նավատորմի մեծ մասը դեռևս ներգրավված չէ Ուկրաինայում ընթացող պատերազմում։ Ռուսաստանի օդուժը դեռևս զգալի ներուժ ունի, որը սպառնալիք է նաև ՆԱՏՕ-ին»,- հավելել է Ցորնը։

Գերմանիայի զինված ուժերում ամենաբարձր զինվորական կոչումը չորսաստղանի գեներալն է։ Էբերհարդ Ցորնը Բունդեսվերի՝ գերմանական զինված ուժերի գլխավոր տեսուչն է. Գերմանիայում այսպես է կոչվում ռազմական բարձրագույն պաշտոնը, որը, փաստորեն, իրականացնում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի գործառույթը, նրան է ենթարկվում է զինված ուժերի ամբողջ հրամանատարությունը, և նա, իր հերթին, ենթարկվում է պաշտպանության նախարարին։

Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1955 թվականին ստեղծված Բունդեսվերում բացակայում է «Գլխավոր շտաբ» անվանումով կառույց։ Դրա գործառույթն իրականացնում է զինված ուժերի գլխավոր տեսուչի աշխատակազմում գործող Բանակի հրամանատարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG