Մատչելիության հղումներ

Արցախ-Հայաստան երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային՝ Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղով․ ԼՂ ՆԳՆ


Արցախից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը՝ նշելով՝ Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է:

Ճանապարհի երկայնքով, ըստ նախարարության, տեղակայվել են ռուս խաղաղապահներն, ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ճանապարհային ոստիկանները և ԱԻ պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը:

Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ադրբեջանական կողմը հայտարարում է երեք բնակավայրերը վերաբնակեցնելու ծրագրի մասին։

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտարարել էր, որ Արցախի և Հայաստանի միջև կապը օգոստոսի 31-ից հետո կիրականացվի նոր միջանցքով՝ հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, իսկ «քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները»։ Նույն օրն ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ անցկացվեց, որտեղ որոշվեց, որ Հայաստանի հետ հաղորդակցությունը Բերդաձորի ենթաշրջանի տարածքով իրականացնել օգոստոսի 30-ից ժամը 20։00-ից։ Արցախը Հայաստանին կապող 4.7 կիլոմետրանոց այս ճանապարհը ժամանակավոր է՝ մինչև ավարտվի Լաչինի միջանցքին փոխարինող հիմնական՝ Կոռնիձորով ճանապարհը։

XS
SM
MD
LG