Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացնում է Հայաստանի վարչապետի գրասենյակը։
Զրուցակիցներն անդրադարձել են վաղը Բրյուսելում նախատեսված Նիկոլ Փաշինյան- Շառլ Միշել-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ Շառլ Միշելը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրամիության կազմակերպած հանդիպման օրակարգը»,- տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։ Աղբյուրն այլ մանրամասներ չի փոխանցում։
Այսօր ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահն էր Թվիթերում գրառմամբ տեղեկացրել վաղվա հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նախապատրաստական հեռախոսազրույցների մասին։
Այլ մանրամասներ Եվրամիության ղեկավար պաշտոնյան չի հայտնել։
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի նախորդ հանդիպումը ևս կայացել է Բրյուսելում, երեք ամիս առաջ՝ մայիսի 22-ին, Եվրամիության խորհրդի նախագահի նախաձեռնությամբ: