Ռուսաստանը խնդիրների է բախվել Ուկրաինայում պատերազմող իր զորամիավորումները մարդուժով համալրելու գործում, զորակոչիկները հաճախ ավագ սերնդի ներկայացուցչներ են և վատ պատրաստված՝ հայտնել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ավագ պաշտոնյան։
Պենտագոնի՝ անանուն մնալ ցանկացող ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաճախ նորակոչիկներ է փնտրում բանտերում՝ ռազմաճակատ մարդ ուղարկելու համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 25-ին հրամանագիր ստորագրեց երկրի զինված ուժերի թվաքանակը մոտ 10 տոկոսով ավելացնելու մասին: Ըստ այդմ՝ ներկայիս 1 միլիոն 900 հազարի փոխարեն 2023 թվականի հունվարի 1-ից ռուսական բանակում ծառայելու է 2 միլիոն 40 հազար մարդ, որից 1 միլիոն 150 հազարը` զինվորականներ:
ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Կալն օրերս հայտարարեց, թե ամերիկյան կողմի գնահատմամբ՝ Ուկրաինայում պատերազմի բռնկումից ի վեր՝ այս փետրվարի 24-ից, ռուսական բանակը տվել է մինչև 70-80 հազար վիրավոր կամ սպանված։