Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թանկացման որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 7-ից, և նեղուցներով տարանցուման համար վճարը կազմելու է 4 դոլար մեկ տոննայի համար: Այսպիսով Թուրքիայի տարեկան շահույթը, որն այժմ 40 մլն դոլար է կազմում, կհասնի 200 մլն դոլարի։
Անկարան այս փոփոխությանն է գնում` հիմք ընդունելով նեղուցներով օտարերկրյա նավերի անցումը սահմանող Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները: Թուրքիան Բոսֆորով անցնող և Դարդանել մտնող նավերից գումար է գանձում փարոսների, փրկարարական և բուժօգնության ծառայությունների համար:
Անկարան տարացման սակագինը թանկացնում է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով առաջացած պարենային ճգնաժամի ֆոնին, երբ կտրուկ մեծացավ իր նեղուցների նշանակությունը։ Անկարայի միջնորդությամբ վերջերս խնդիրը լուծում ստացավ և արգելափակված ուկրաինական հացահատիկի արտահանումը վերականգնվեց: Սևծովյան նավահանգիստներից դեպի միջազգային շուկա հացահատիկ տեղափոխող առևտրային նավերն անցնում են հենց այս նեղուցներով:
1936 թվականին, երբ ստորագրվել էր Մոնտրյոյի կոնվենցիան, տարանցման վճարը սահմանվել էր ՄԱԿ-ի կողմից ընդունված ընդհանուր դրամական միավորով՝ ֆրանկով, որը համարժեք էր 0,29 գրամ ոսկու։ Հետագայում այս վճարի համար սկսեցին օգտագործել նաև թուրքական լիրա և դոլար՝ ոսկու գնին համարժեք:
1983 թվականին Թուրքիան տարանցման համար զեղջ սահմանեց 1 ֆրանկի համար գանձելով 0,8 դոլար։ Այժմ Անկարան հինգ անգամ բարձրացնում է նեղուցներով տարանցման գինը համաշխարհային շուկայում գնաճի և ոսկու արժեքը փոփոխության պատճառով: Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյաներից մեկը թուրքական Սաբահին ասել է, որ այս փոփոխությամբ «վերջ կդրվի 39 տարվա զոհաբերությանը»՝ նկատի ունենալով, որ տասնամյակների ընթացքում Թուրքիայի եկամուտները անարդարացիորեն նվազել են:
Մոնտրյոյի կոնվենցիան, որն ընդունվել է 1936 թվականին, նեղուցներով առևտրային նավերի համար ազատ անցում է սահմանում ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում: Թուրքիան սակայն պատերազմական իրավիճակում կամ նման վտանգի պարագայում իրավունք ունի սահմանափակել պատերազմող երկրների ռազմական նավերի անցումը իր վերահսկողության ներքո գտնվող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմից սկբզից ի վեր օրակարգ եկավ նեղուցները փակելու հարցը: Եվ Անկարան Մոնտրյոյի կոնվենցիային հղում անելով կոնվենցիայի 19-րդ կետին, որոշեց արգելել ռուսական և ուկրաինական ռազմանավերի անցումը Միջերկրական ծովից դեպի Սև ծով՝ թույլ տալով միայն ռազմանավերի վերադարձը իրենց կայանատեղեր: